«Առավոտն» իր խմբագրականում կրկին անդրադարձել է արտագաղթի խնդրին. «Ինձ թվում է՝ մեր իշխանությունը մի տեսակ կրավորական է արձագանքում արտագաղթի մասին ահազանգերին: Որքան էլ որեւէ պաշտոնական հայտարարության նկատմամբ թերահավատ լինենք, մեզ որոշ չափով կհանգստացներ, եթե կառավարությունը ասեր՝ «սուտ է, որ այս տարվա աոաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 47 հազար մարդ»: Կամ՝ «չափազանցություն է, որ մեր բնակչության 40 տոկոսից ավելին իր ապագան չի տեսնում Հայաստանում»: Քանի որ նման հերքումներ չեն հնչում, պետք է ենթադրել, որ այդ տագնապալի թվերը ճիշտ են:
Հայաստանից գնում են նաեւ նրանք, ովքեր ստեղծում են բիզնես միջավայրը եւ, հետեւաբար՝ աշխատատեղեր վերոհիշյալ խմբի համար, ինչպես նաեւ մտավորականները, որոնց գոյությունն այստեղ կոչված է ապացուցելու, որ մենք «բոսյակների» եւ «չարչիների» երկիր չենք: Որքան էլ վերջին գործոնը երկրորդական թվա, այն իրականում շատ կարեւոր է. նույնիսկ «ամենահասարակ» հայի համար միեւնույնը չէ՝ նա ապրում է Վիկտոր Համբարձումյանի կամ Տիգրան Մանսուրյանի՞, թե՞ օլիգարխ դարձած նախկին համբալների երկրում: Երբ հարցնում ես այս՝ «պասիոնար» մարդկանց՝ ինչու են նրանք գնում, պատասխանը մեկն է՝ դեմ ենք առել պատին»:
«Դա «անհասկացողության պատը» չի, դա կոռուպցիայի, բյուրոկրատիզմի եւ թայֆայականության պատն է: Յուրաքանչյուր կոմպոզիտոր, որի գործերն այստեղ չեն հնչում, որքան էլ բարվոք լինի նրա կենցաղը, ի վերջո՝ կգնա երկրից: Ցանկացած գործարար, որը հնարավորություն չունի այստեղ ներդրումներ անելու եւ շահույթ ստանալու (դա էլ իր «ստեղծագործական աշխատանքն» է), նույնիսկ միլիոնատեր լինելով, կլքի Հայաստանը»,- հավելում է պարբերականը:
Հասանելի է
русский



























