Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը հայտարարել է, թե զբոսաշրջության ոլորտի տարեկան աճով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է, հայաստանյան գներն էլ միանգամայն մրցունակ են։

«ՉԻ» -ն այս առթին գրում է. «Զավեշտն այն է, որ սույն պաշտոնյան իրեն նեղություն չի տվել հարեւան երկրների վերաբերյալ թվեր հրապարակել, մինչդեռ, օրինակ, հայտնի է, որ Վրաստանը միայն Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունում, քան Հայաստանը՝ ամբողջ աշխարհից։ Բայց դա էական չէ։ Կարեւորը՝ առաջատար ենք։

Ինչ վերաբերում է հայաստանյան գների մրցունակ լինելուն (ականատեսները պնդում են, որ պաշտոնյան այդ հայտարարությունն արել է միանգամայն սթափ վիճակում), ապա այդ հարցում նա թերեւս իրավացի է։ Եթե, իհարկե, միայն գներն ենք համեմատում եւ ոչ թե դրա դիմաց առաջարկվող ծառայությունները։ Սեւանի ափին տեղադրած ժանգոտ «դոմիկն», օրինակ, գնային առումով միանգամայն մրցունակ է Միջերկրական ծովափի հինգ աստղանի հյուրանոցի համեմատ, դեռ մի բան էլ գուցե մի 5-10 տոկոսով էժան լինի, իսկ «բեսեդկաների» գներն ամբողջ 20 տոկոսով ցածր են օվկիանոսային զբոսանավերի վարձակալման գներից։ Այնպես որ՝ մրցունակությունն էն խոսքը չի»։