27 տարի առաջ հայկական Պոկրովի Աստվածամայր տաճարից գողացված 16-րդ դարի սրբապատկերը բերվել է Ուկրաինա: Սրբապատկերը դեռ 1,5 տարի առաջ հայտնաբերել էին Շվեյցարիայում: Այդ մասին հայտնում է analitika.at.ua-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը, սրբապատկերը գողացվել էր Լվովի հայկական տաճարից 1984թ.: Այդ սրբապատկերի տեղափոխմանն ու հետգնմանը նպաստել է մեկենաս եւ կոլեկցիոներ Իգոր Վոզնյակովը:
Նա նշել է, որ սրբապատկերը գնահատվել է 350 հազար եվրո, սակայն հրաժարվել է ասել, թե ինչքան գումար է վճարել այդ ստեղծագործության համար: Վոզնյակովն ասել է, թե «յուրաքանչյուր սուրբ պետք է լինի իր տեղում»:
Մշակութային արժեքների վերահսկողության պետական ծառայության նախագահ Յուրի Սավչուկը նկատել է, որ այդ գողության ժամանակ չարագործները տարել էին 22 սրբապատկեր, որոնցից 9-ը հաջողվել էր գտնել եւ վերադարձնել, իսկ 13-ի ճակատագիրն անհայտ էր մնացել: Դրանցից մեկն էլ Պոկրովի Աստվածամայրն էր:




























