Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը` հունիսի 14-ին դադարեցնելու է իր լիազորությունները: Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը կազմավորվել է նոր կարգի համաձայն, ձեւավորվելու է Հայաստանի նախագահի հրամանագրով:

Արդեն հայտնի են ԿԸՀ 7 անդամների անունները:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրվել են փաստաբան Գեորգի Մարտիրոսյանն ու  թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանին եւ Լաուրա Գալստյանին:

Ամենաինտրիգայինը ստացվեց Մարդու իրավունքների պաշտպանի կողմից թեկնածուների առաջադրումը, երբ Կարեն Անդրեասյանի հայտարարած մրցույթի արդյունքում «հաղթած» թեկնածուներից երկուսը ինքնաբացարկի դիմում ներկայացրին` «մամուլի միջոցների կողմից իրենց նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունքի պատճառաբանությամբ»:  Մասնավորապես, մամուլը գրել էր, որ երիտասարդ աղջիկները որեւէ փորձ չունեն ընտրական գործընթացներում եւ ընդամենը աշխատել են նախկինում Կարեն Անդրեասյանի ղեկավարած «Դիֆենս» իրավաբանական գրասենյակում:

Կարեն Անդրեասյանը արտամրցութային կարգով առաջադրել է Արմեն Սմբատյանին եւ ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանին, իսկ մրցութային կարգով` ֆինանսների նախարարության աշխատակից Արտակ Մելիքսեթյանին: