Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանը կուսակցության` հուլիսի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ իր դիմումի համաձայն վայր է դրել իր լիազորությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ Շահինյանը, որպես իր լիազորությունները վայր դնելու պատճառ նշել է իր զբաղվածությունն ու առողջական խնդիրները:
«Նա առողջական խնդիրների, աշխատանքի բերումով անընդհատ ներս ու դուրս էր անում, չէր հասցնում ժամանակը հատկացնել կուսակցական աշխատանքին: Ուստի Խորհուրդը հարգել է նրա դիմումը եւ շնորհակալություն է հայտնել նրան իր կուսակցական աշխատանքի համար»,-նշեց Թադեւոսյանը` միաժամանակ հավելելով, որ Շահինյանը շարունակում է մնալ որպես կուսակության անդամ:
Հարցին, թե արդյոք Շահինյանի հեռացման պատճառը նրա քրոջ որդու հետ կապված քրեական գո՞րծն է, որով անցնում է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ մի նման բան չկա, այդպիսի հարց չի քննարկվել: Իսկ պատկան մարմինները թող այդ հարցը լուծեն օրենքով սահմանված կարգով»:
Նշենք, որ երեկ` հուլիսի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նոր ղեկավար է ընտրվել Արմեն Մարտոյանը` Հովհաննես Շահինյանի տեղակալը:
Նշենք, որ Հովհաննես Շահինյանը, ով ՀՀԿ-ին է անդամակցել 2006 թվականից, Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար էր ընտրվել 2010թ. հունիսի 9-ին: Նա 2005թ. նշանակվել է Արաբկիր համայնքի ղեկավարի տեղակալ: Նույն թվականին ընտրվել է Արաբկիր համայնքի ղեկավար:




























