Գրունտային ջերերը եւ սողանքները պատճառ են դարձել, որ Երեւանի ամենամեծ՝ Սովետաշենի գերեզմանոցում տասնյակ գերեզմաններ հայտնվեն հողի մակերեւույթին։ Հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը։
«Մինչդեռ սողանքային գոտիներում եւ գրունտային ջրերի հարեւանությամբ գերեզմանոցներ հիմնելը արգելված է օրենքով»,- հիշեցրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ իրավիճակը շտկելու համար համապատախան մարմինները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն։
Խոյեցյանի խոսքով, միայն Երեւանում ամսական մահանում է 500-600, տարեկան՝ մոտ 6000-7000 մարդ։ «Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում տարեկան մահանում է շուրջ 21 հազար մարդ, ապա մինչեւ 2020 թվականը միայն Երեւանում գերեզմանոցներին հատկացվող հողատարածքները կավելանան 300 հա-ով։ Ստացվում է, որ մի քանի տարի անց գերեզմանները զբաղեցնելու են Երեւանի ողջ տարածքի 11-12 տոկոսը։ Նման տեմպերի պահպանման պարագայում արդեն 2050-ին գերեզմաններով ծածկված կլինի Երեւանի ընդհանուր տարածքի 30-40 տոկոսը»,- նկատեց մասնագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ հանրապետության տարածքում այսօրվա դրությամբ «գերեզմանածածկ» է 560 հա տարածքը։




























