Բարերարի ցանկությունը՝ երեսպատել Գանձասար մենաստանի պարիսպները, անգրագետ հայրենասիրության դրսեւորում է։ Հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պատմաբան, հայ ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ թեեւ բարերարն առաջնորդվում է հայրենասիրական մղումներով, նրա գործողությունները, միեւնույն է, հանգեցնելու են ողբալի հետեւանքների։
Մասնագետը նաեւ նշեց, որ քարե պարսպի ճարտարապետական տեսքի աղավաղումը Գանձասարի վանական համալիրին կզրկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ երբեւէ մտնելու հնարավորությունից։
Կարապետյանի խոսքով, Գանձասարի քարե պարիսպը թվագրվում է 13-րդ դարին, սակայն կան բոլոր հիմքերը՝ կարծելու, որ կառույցն ավելի հին է։
«Վանական համալիրը մի քանի անգամ վերանորոգվել է։ Համալիրը հիմնավորապես վերանորոգվել է 17-րդ դարում, մասնակի՝ 19-րդ եւ 20-րդ դարերում»,- ասաց նա։
Կարապետյանը նաեւ նկատեց, որ Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատմանը դեռ այս փետրվարին դեմ է արտահայտվել նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Իրավիճակից դուրս գալու միջոցն, ըստ Կարապետյանի, հետեւյալն է. «Կամ բարերարը վերանորոգումը պետք է իրականացնի ըստ 1989 թվականից գոյություն ունեցող նախագծի, կամ ապօրինի գործողությունները կանխելու համար պետք է դիմել դատարան»,- ասաց ճարտարապետը։




























