Սահմանափակ հողատարածքներ ունենալու եւ համաճարակների հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով Հայաստանում դիակիզարաններ հիմնելու խնդիրը գնալով ավելի ու ավելի հրատապ է դառնում։ Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
«Այլ բան է, որ դիակներն այրելու պրակտիկան խորթ է մեզ։ Սա զուտ մենթալիտետի եւ ավանդապաշտության հետ կապված խնդիր է»,- կարծիք հայտնեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ դիակիզարաններ հիմնելու համար պետությանը լուրջ գումարներ են անհրաժեշտ։
«Ճիշտ է, օրենքով սահմանված է, որ նույն տեղում դիակ կարելի է վերահուղարկավորել առաջին թաղումից արդեն 15 տարի անց, սակայն տարերային աղետների եւ չնախատեսված այլ իրավիճակների ժամանակ համաճարկների բռնկումներից խուսափելու համար ամենանպատակահարմարը դիակներն այրելն է, այլ ոչ՝ թաղելը»,- համոզմունք հայտնեց Աիդա Պետիկյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, նույն տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը նկատեց, որ թեպետ վերջին 30 տարիներին հանրապետությունում ժանտախտի, սիբիրյան խոցի համաճարակներ չեն գրանցվել եւ այժմ էլ վիճակն այդ առումով հանգիստ է, սակայն հուղարկավորության դասական տարբերակը՝ իր բոլոր հետեւանքներով (ճանճերի միջոցով զանազան վարակների տարածում եւ այլն) միշտ էլ կարող է վտանգավոր իրավիճակներ ստեղծել։
Նշենք, որ ամբողջ աշխարհում հաշվվում են ավելի քան 14 հազար դիակիզարաններ։ Հատկանշական է, որ դրանց մեծ մասը գործում են քրիստոնեական երկրներում։
Նշենք նաեւ, որ Հայ առաքելական եկեղեցին կտրականապես դեմ է այս երեւույթին եւ բազմիցս մերժել է Հայաստանում նման պրակտիկա կիրառելու անհրաժեշտությունը։




























