Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը զարգացման բավական տպավորիչ ուղի է անցել։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովում հայտարարեց օմբուդսմենի միակ թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Կարծում եմ՝ այսօր շատերը կհամաձայնեն, որ օմբուդսմենի ինստիտուտն այն քիչ ինստիտուտներից է, որը կատարում է մարդու իրավունքները պաշտպանելու եւ ժողովրդավարական հավասարակշռություն պահպանելու իր առաքելությունը»,-ասաց թեկնածուն։
Ըստ նրա՝ նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը եւ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանն անվիճելի ներդրում են ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման գործում։
Գրիգորյանը ներկայացրեց նաեւ որոշ ծրագրային առաջնահերթություններ, որոնք մտադիր է իրականացնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու եւ հաստատվելու դեպքում։
Քրիստինե Գրիգորյանը, ծնվել է 1981թ. Սեւան քաղաքում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը։ Մագիստրոս է։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, գերմաներենին եւ արաբերենին։ Անկուսակցական է։ 2019թ. նշանակվել է Հայաստանի արդարադատության փոխնախարար։
Գրիգորյանն աշխատել է նաեւ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում։ Նա եղել է այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի, ինչպես նաեւ Լանզարոտեի կոնվենցիայի ակտիվ պաշտպան եւ ջատագով, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հայ հասարակության կողմից։





























