2021թ․ 10 ամիսների ընթացքում հայկական գինիների վաճառքն աճել է 25-30 տոկոսով։ Կարծում եմ, որ տարվա արդյունքներով այս ցուցանիշն էլ ավելի կաճի՝ հաշվի առնելով, որ նոյեմբեր-դեկտեմբերն ամենաակտիվ ամիսներն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Եթե նախկինում 10-12 մլն լիտր գինուց արտահանվում էր 3-4 մլն լիտրը, ապա այժմ, ինչպես ասաց Հարությունյանը, ավելացել են եւ՛ արտադրության ծավալները, եւ՛ արտահանման մասնաբաժինը՝ արտադրանքի կեսից ավելին արտահանվում է արտերկիր։

«Համեմատության համար կարող եմ ասել, որ նախորդ հինգ տարիների ընթացքում այդ ցուցանիշը միջինը կազմում էր է 30 տոկոս։ Ինչ վերաբերում է կոնյակին, ապա դրա 98 տոկոսն արտահանվում է»,- նշեց նա։

Իրացման շուկաները նույնպես ընդլայնվում են, ինչին կորոնավիրուսն է նպաստել։ Դա պայմանավորված է նրանով, որ արտերկրի ռեստորաններն իրենք են փորձում դիվերսիֆիկացնել գինու մատակարարումները։

«Այսօր Հայաստանից գինու արտահանման աշխարհագրությունը շատ ավելի լայն է, քան 3-4 տարի առաջ։ Ավանդաբար Հայաստանից արտահանվող արտադրանքի ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը, այնուհետեւ գալիս է Չինաստանը եւ այլ երկրներ։ Սակայն եթե նայենք 10-15 տարվա կտրվածքով, ապա Ռուսաստան գինու արտահանման մասնաբաժինը 90%-ից ընկել է մինչեւ 70%»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը։