Համոզված եմ, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ չի կառուցի իր ազգի շահերի հաշվին։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Հարեւանների հետ նորմալ հարաբերությունները, նրա խոսքով, բխում են Հայաստանի անվտանգությունից, բայց դրանք չպետք է կառուցվեն նրա ազգային պատվի, ապագայի եւ ինքնության հաշվին։ «Մինչեւ այս պահը ես չեմ տեսել որեւէ նախանշան, որ մեր կողմից Թուրքիայի հետ կապված որեւէ գործընթաց տեղի է ունեցել մեր ազգային հարցերի եւ պատմության հաշվին։
Եւ ես չեմ կարողանա համոզել սփյուռքին աջակցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, եթե նա անտեսի որոշակի փաստեր եւ ճշմարտություններ, որոնք այդ երկիրը պարտավոր է ընդունել, եթե մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ»,- նշել է նա։





























