ԱՄՆ բանակն ավարտում է պատվաստանյութի վաղ կլինիկական փորձարկումները բոլոր գոյություն ունեցող կորոնավիրուսային տարբերակների դեմ։ 

SpFN (Spike Ferritin Nanoparticle) պատվաստանյութը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել պրիմատների վրա փորձարկումներում, ընդ որում մարդկանց վրա առաջին փորձարկումները սպասվում են այս ամիս։ Այս մասին ասվում է Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ բանակի հետազոտական ​​ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ:

Պատվաստանյութը կարող է նաեւ օգնել պաշտպանվել այլ կորոնավիրուսներից, բացի COVID-19-ից, ինչը կարող է հույս տալ ապագա համաճարակների համար:

Պատվաստանյութը մշակվել է նոր հարթակում, որը կոչվում է ինքնահավաքվող սպիտակուցային նանոմասնիկներ:

Ըստ Defense One-ի՝ ի տարբերություն ներկայումս առկա պատվաստանյութերի մեծամասնության, որոնք օգտագործում են mՌՆԹ՝ իմունային համակարգը խթանելու համար, այս պատվաստանյութը կաշխատի՝ ներարկելով մոլեկուլ, որը մի փոքր նման է ֆուտբոլի գնդակին:   

SpFN-ը պաշտպանում է պրիմատներին COVID-19-ի հարուցած հիվանդություններից՝ ասվում է Science Translational Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։

Երկու չափաբաժինները, որոնք տրվել են 28 օրվա տարբերությամբ, նաեւ ուժեղ իմունային պատասխան են առաջացրել ալֆա, բետա, գամմա եւ դելտա տարբերակների նկատմամբ: Ակնկալվում է, որ SpFN-ի ավելի վաղ մարդկանց վրա կլինիկական փորձարկման արդյունքները, որը կոչվում է Փուլ 1, կհրապարակվեն այս ամիս: