Երբ մենք խորհրդարանում էինք, ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը շատ օբյեկտիվորեն մեզ մեղադրում էր, որ Եռաբլուրի պղծում է լինել մի դահլիճում, որտեղ այս պարտության  կերտողն է, ճարտարապետն է, զոհերի պատասխանատուն է, եւ ես ընդունում էի այդ մեղադրանքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» խորագրով քննարկման ժամանակ իր խոսում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այս իշխանության ցինիզմը հասել է այն աստիճանի, որ հրապարակավ ընդունում են, որ դավաճան են, բայց ասում են՝ հունիսի 20-ին այդ ամենը իմանալով հանդերձ հասարակությունը մեզ տվեց վստահության քվե։ Այստեղ է, որ չես կարողանում առարկել: Այստեղ է, որ հասկանում ես, որ միգուցե ընդդիմության ամենամեծ սխալը խորհրդարանական արտահերթ ընտրությունների համաձայնելն էր:

Ամենակաշմառային երազում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ հանրությունը կգնա եւ պատերազմը տանուլ տված քաղաքական ուժին կվերարտադրի»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ խորհրդարանով հնարավոր չէ հասնել իշխանափոխության:

«Ինձ զարմացնում է երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունն Անդրանիկ Քոչարյանի մասով: 36 պատգամավորով  նրան դարձնում եք գործոն, դա աբսուրդ է: Ես նաեւ չեմ հասկանում ՊՇՌ թեստի շուրջ ընդդիմության երեկվա խրախճանքը: Այսինքն հասել եք դրա՞ն:

Այս խորհրդարանը Եռաբլուրի արյան ծնունդ է: Չի կարող այս խորհրդարանն ունենալ այլ օրակարգ, որովհետեւ մենք մեր պետականության կորստի սահմանագծին ենք կանգնած: Այսօր ունենք դեակտիվացված Հայաստան, այսօր լիկվիդացիոն գներով հանված է գեոպոլիտիկ աճուրդի»,-ընդգծեց նախկին պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր տպավորությամբ մենք մեզ համար վիրտուալ օրակարգ ենք ստեղծել։ «Ես մարդկայնորեն հասկանում եմ ընդդիմությանը, իրենք հայտնվել են փակուղում, իրենք չեն կարողանում ձեւավորել գործուն, կենսունակ օրակարգ, որովհետեւ չկա դեռեւս դրսի աջակցությունը: Իսկ չկա այդ աջակցությունը, որովհետեւ կտրվել է ընդդիմություն և ժողովուրդ պորտալարը: Իրենք չեն կարողանում այդ կապը վերականգնել։ Եթե դրսում ժողովուրդ չի լինելու, խորհրդարանում ինչքան ուզում եք ամենասուր, ձեր կարծիքով պատմական, հեղափոխական հարցերը տվեք, դուք չեք կարող Նոբելյան մրցանակի արժանի մանիլպուլյատորին նեղը գցել»,-ասաց նա։