Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են առաջ մղել միջանցքի գաղափարը, սակայն տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային խաղացողները այլ պատկերացումներ ունեն, որոնք տարբերվում են Անկարայի եւ Բաքվի պատկերացումներից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհին, որը վերահսկելու է ՌԴ ԱԴԾ-ն, այլ ոչ թե` այն, ինչ ասում է կամ ուզում է Բաքուն։

Եթե ​​անգամ Հայաստանին պարտադրեն կատարել հայտարարության այս կետը, դա, նրա խոսքով, չի նշանակում, որ դա կլինի Անկարայի ու Բաքվի ցանկությունների տրամաբանության մեջ։

«Իրանի համար, օրինակ, դա անընդունելի է։ Թուրքիային ու Ադրբեջանին կխանգարի նույնը, ինչ խանգարեց նրանց գրավել Ստեփանակերտը։ Նույն մոդելը խանգարում է հիմա եւ կխանգարի ապագայում։ Ելնելով հակակշիռների եւ խաղի հաստատված կանոններից՝ Բաքուն դեռ չի փորձում գնալ խնդրի լուծման ռազմական ճանապարհով, քանի որ դա Մոսկվային պատերազմի հայտարարում կլինի»,- ընդգծել է Կիվիրյանը։

Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որ թշնամին միշտ ճնշում է գործադրելու դրա վրա։

«Միակ ելքը մարտունակ բանակ ստեղծելն է։ Դա պետք է անեին իշխանությունները, բայց իշխող ռեժիմը մտածում է միայն պետության ղեկին մնալու մասին»,- պարզաբանեց նա։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր նաեւ գերիների փոխանակման անհրաժեշտությունը, եւ, նրա գնահատմամբ, Մոսկվան ձգտում է քայլ առ քայլ լուծել խնդիրը։ «Հայաստանի իշխանությունների սխալն այն է, որ նրանք չպետք է իրականացնեին մյուս կետերը, քանի դեռ Բաքուն չէր վերադարձրել բոլոր գերիներին։ Իսկ այն, ինչ հիմա ունենք, հմուտ դիվանագիտության բացակայության արդյունք է»,- եզրափակեց նա։