Հայաստանի տնտեսական զարգացումների համար առաջիկայում եւս որոշիչ է լինելու Ռուսաստանի տնտեսական վիճակը, եւ դրանով պայմանավորված մեր հայրենակիցների այնտեղի ակտիվությունը եւ դրամային փոխանցումները դեպի ՀՀ: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:

Նա նշեց, որ դրամական միջոցների արտաքին փոխանցումները` տրանսֆերտները, ունեն առավելապես սոցիալական ուղղվածություն:

«Մարդիկ  դրանցով լուծում են իրենց օրվա հացի խնդիրը»,-նշեց Ասատրյանը: Նա նշեց, որ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց զուտ փոխանցումների աճի տեմպը կազմել է 25 տոկոս, իսկ ընդհանուր աճը՝ 37 տոկոս: Ֆիզիկական անձանց փոխանցումների այս տեմպերը ԿԲ նախկին նախագահը որակեց «զուսպ»` հավելելով.  «Այս միջոցների ներհոսքը նաեւ տնտեսական գործունեության ակտիվացման խթան է, մինչդեռ այսօր այդ գործոնը գնալով նվազում է»:

Անդրադառնալով տնտեսության աճի տեմպերին`ԿԲ նախկին նախագահը դրանք ոչ տպավորիչ համարեց: «Տարեսկզբից գնաճը շարունակում է բարձր մնալ: Նախորդ տարվա համեմատ, այն կազմում է 8,5 տոկոս, այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ, կես տոկոսով իջել է: Եթե դա հաջողություն կարելի է համարել, ես պատրաստ եմ ընդունել, որ դա մեծ հաջողություն է»,- հեգնանքով նկատեց ԿԲ նախկին նախագահը` հավելելով, որ  տարին ամփոփելու ենք բարձր գնաճով՝ 8-9 տոկոս: 

Անդրադառնալով միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներին`  Ասատրյանը նկատեց, որ թեեւ այդ շուկայում գների էական նվազում է արձանագրվում (օրինակ՝ հացահատիկի), սակայն Հայաստանում ապրանքների գների նվազում տեղի չի ունենում: Երեւույթը ՀԱԿ ներկայացուցիչը բացատրեց հայաստանյան մի խումբ օլիգարխների`հասարակությանը հարստահարելու եւ եկամուտ ստանալու մոլուցքով: