Լոռիի մարզի Գյուլագարակի գյուղապետ Ա.Գրիգորյանից հուլիսի 13-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ 02.00-ի սահմաններում տեղացած անձրեւից առաջացած հեղեղաջրերը վնասել են գյուղամիջյան ճանապարհները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խցանման հետեւանքով սելավատարում բարձրացել է ջրի մակարդակը, ինչից ջրալցվել են հարակից տների նկուղները եւ օժանդակ կառույցները: Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Հ.Անտոնյանը: Պարզվել է, որ անձնրեւից առաջացած հեղեղաջրերը վնասել են նաեւ Գարգառի եւ Ագարակի գյուղամիջյան ճանապարհները, խցանման հետեւանքով սելավատարերում բարձրացել է ջրի մակարդակը, ինչից ջրալցվել են հարակից տների նկուղներ եւ օժանդակ կա¬ռույցներ: Ջրաբերուկներից դժվարանցանելի է դարձել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը (Գյուլագարակ եւ Գարգառ գյուղերի հատվածը), որը «Ստեփանավանի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով մաքրվել եւ դարձել է անցանելի:
Նույն օրը, տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է Շիրակի մարզի Ջրափ եւ Լուսաղբյուր գյուղերի ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:



























