Եթե հիմա այդ լուծմանը չգնանք, 2024 թվականին ջրի գինն այնքան կբարձրանա, որ համափաչության խնդիր կունենանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ինքը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ մինչեւ 2024 թվականը՝ ջրի գինը չի բարձրանա, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը բարձրանալու է 20 դրամով եւ հարցին՝ ի՞նչ պայմանավորվածության մասին էր խոսքը եւ ինչ փոխվեց, որ արդեն հաջորդ տարվանից սկսելու են ավելի շատ վճարել։

Փաշինյանը նշեց, որ սոցիալապես անապահով եւ խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի.

«Հիմա այս կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը հիմա արդեն առաջիկա 10 տարվա ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, եթե այդ փոփոխականներն էլ  մնան իրենց նույն տրամաբանության մեջ, մենք հիմա դրանով լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա։ Նախկինում ձեւավորված որոշակի պարամետրեր կար, հետագայում մենք վերլուծեցինք, հասկացանք՝ եթե հիմա մենք այդ լուծմանը չգնանք, 2024 թվականին այնքան կբարձրանա, որ ֆորմալ առումով դե յուրե մենք կմնանք դրա շրջանակում, բայց ե ֆակտո կստացվի՝ այն, ինչը մինչեւ 2024-ը չի բարձրացել, 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում ու դուրս է գալիս»։