Հայաստանի տնտեսությունում անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ, քանի որ կառավարության առկա բոլոր ծրագրերը երկիրը «յոլա տանող» ծրագրեր են: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Բագրատ Ասատրյանը:
«Ես կառավարության լուրջ ծրագիր չեմ տեսել: Համենայնդեպս այս տարվա ծրագրերն ու բյուջեն շատ ավելի սպառողական կամ գոյատեւման միտում ունեն»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե հուլիսին ու օգոստոսին գնանկում է սպասվում, Ասատրյանը նշեց, թե տարիներ շարունակ, անգամ ամենավատ տարիներին ամռան այդ ամիսներին գնանկում է արձանագրվում, ինչը հիմնականում պայմանավորված է հայաստանյան շուկայի սեզոնայնությամբ: Ըստ այդմ` տնային տնտեսուհիները պահածոներ են պատրաստում, ինչն արվում է ձմեռվա ընթացքում կուտակված խնայողությունների հաշվին:
«Տարիներ շարունակ այս ամիսներին արժեւորվում է նաեւ դրամը, քանի որ հետ գցած փողն ամռանը ծախսվում է շաքարավազ, բանկա-կռիշկա առնելու վրա, և սա մեր տնտեսության վրա իսկապես մեծ ազդեցություն ունի»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը: Դիտարկմանը, թե վարչապետի կանխատեսած գնանկումը, փաստորեն, ավանդական հիմքեր ունի, եւ պայմանավորված չէ կառավարության գործունեությամբ, բանախոսն արձագանքեց. «Ասեմ այսպես. եթե կառավարությունն այդպես է աշխատում, ուրեմն վատ է, շատ վատ է... ինչո՞ւ ես բարձրացնում գները, որ ամռանն էլ իջեցնես»: ԿԲ նախկին նախագահը կոշտ գնահատական տվեց այսօրվա կառավարությանը` նկատելով, թե դա մի մարմին է, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում»:




























