Հունաստանի Պարոս կղզու ափերի մոտ ներգաղթյալներով լի նավի խորտակման հետեւանքով մոտ 20 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի առափնյա պահպանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Իշխանությունները որոնողափրկարարական օպերացիա են սկսել կղզու հյուսիս-արեւմուտքում։ Ներգրավվել են նաեւ օդային եւ ծովային միջոցներ։ 

Հունաստանը Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից եւ այլ երկրներից ներգաղթյալների եւ փախստականների համար դեպի ԵՄ հիմնական ուղիներից մեկն է, թեեւ հոսքը նվազել է 2015-2016 թվականներից հետո:

Athens News Agency-ի հաղորդմամբ՝ տարածքում հայտնաբերվել է տասներկու տղամարդու, երեք կնոջ եւ մեկ երեխայի դի։

Ենթադրվում է, որ նավի վրա գտնվել է 80 մարդ: Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ այն Թուրքիայից ուղեւորվում էր Իտալիա։

Հունաստանի նավագնացության նախարար Յանիս Պլակիոտակիսը միջադեպի համար մեղադրել է մարդկանց առեւտրով զբաղվող խմբավորումներին: