Երեւանի տարբեր հատվածներում կանանցից ոսկյա զարդեր հափշտակողին ճանաչել են եւս 4 կանայք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հուլիսի 11-ի երեկոյան ոստիկանության ծառայողներին էր մոտեցել մի քաղաքացուհի եւ մատնացույց անելով մի երիտասարդի` հայտնել, որ վերջինս մեկ օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան` խաչով, եւ դիմել փախուստի:
Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էր ենթարկվել 23-ամյա Գագիկ Ավետիսյանը:
Պարզվել էր, որ հուլիսի 11-ին, ժամը 01.10-ի սահմաններում, նա հափշտակել էր ՌԴ քաղաքացի, 21-ամյա Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, եւ փախել:
Հուլիսի 13-ին, ժամը 13.00-ին, 33-ամյա Մարո Ա.-ն ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ հուլիսի 12-ին դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը` ճանաչել է Գագիկ Ավետիսյանին, ով մայիսի 10-ի երեկոյան Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ դիմել փախուստի` պատճառելով 385.000 դրամի նյութական վնաս:
Հուլիսի 13-ին ոստիկանություն են ներկայացել եւս երեք կանայք, ովքեր նույնպես իրենց կողոպտած Գագիկ Ավետիսյանին ճանաչել են հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութից.
-49-ամյա Գայանե Վ.-ն հայտնել է, որ մայիսի 23-ի երեկոյան Գագիկ Ավետիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ դիմել փախուստի` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս/:
- 18-ամյա Աննա Գ.-ն հայտնել է, որ մայիսի 19-ին, ժամը 15.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտ Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով եւ կախազարդով ու դիմել փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս/:
- 26-ամյա Հրաչուհի Գ.-ն հայտնել է, որ մայիսի 12-ին, ժամը 16.30-ին, Թումանյան փողոցում Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ դիմել փախուստի` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Նշված բոլոր դեպքերում տուժողները ոստիկանություն չէին դիմել:
Կատարվում է նախաքննություն:



























