Կրոնական համայնքների մասին օրինագծի ընդունումը չի կարող ազդել մի շարք եկեղեցիների պատկանելության վերաբերյալ վրացական եւ հայկական եկեղեցիների վեճի լուծման վրա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
«Միանշանակ կարելի է ասել, որ` ոչ: Պարզապես հայկական եկեղեցին ընտրություն է կատարել գրանցվել ոչ թե որպես հասարակական կազմակերպություն, այլ որպես կրոնական կազմակերպություն, ինչն իրենց թույլ կտա տեխնիկապես ավելի հեշտ ձեռք բերել, ընդգծում եմ, ձեռք բերել սեփականություն, ունենալ նոր տաճար կամ տաճար, որն արդեն կար, եւ ձեւակերպել այն կրոնական կազմակերպության անունով: Դա նրանց համար շատ կարեւոր էր, իսկ մեզ համար կարեւոր էր այն, ինչ կարեւոր էր իրենց համար: Ոչ միայն հայ համայնքի, այլեւ կաթոլիկ համայնքի, բապտիստական համայնքի, ցանկացած համայնքի համար»,- նկատել է Բոկերիան:
Հարցին, թե այս օրենքը հայկական եկեղեցուն սեփականություն ստանալու իրավունք տալի՞ս է, որին հավակնում է հայկական եկեղեցին, Անվտանգության խորհրդի ղեկավարը պատասխանել է, որ ցանկացած եկեղեցի մինչ այդ էլ սեփականության իրավունք ուներ, կարող էին գրանցվել որպես հասարակական կազմակերպություններ եւ ունեին բոլոր իրավունքները, ինչ ցանկացած կազմակերպություն Վրաստանում:
Մեկնաբանելով մտավախությունները, թե հայկական եկեղեցին այժմ կարող է ստանալ այդ վիճահարույց եկեղեցիները, մինչդեռ Վրաց եկեղեցին չի կարող ստանալ եկեղեցիներ Հայաստանի տարածքում, Բոկերիան ասել է. «Այստեղ հարցը շատ բարդ է: Մեր որոշ ընդդիմախոսներ այդ հարցերը կապում էին միջազգային գործոնների, տարբեր այցերի հետ: Իսկապես, միջազգային գործոնը կարեւոր է, բայց առաջին հերթին մեզ համար կարեւոր է, որ մեր քաղաքացիները հավասար լինեն իրենց իրավունքներում:
Քաղաքացիների մի մասը, որ գնում է ոչ թե վրացական, այլ ուրիշ եկեղեցի, մեր քաղաքացիներն են, եւ դա առեւտրի առարկա չէ այլ երկրների հետ»:




























