Հայաստանում գործում են 465 հանքարդյունահանման լիցենզիաներ, եւս 170 տեղամաս ուսումնասիրության փուլում է: Այդ մասին նշված է մի շարք բնապահպանական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ: Այսօր` հուլիսի 14-ին բնապահպանական կազմակերպություննների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ: Նրանց կարծիքով` երկրի իրավասու մարմինները չեն տիրապետում երկրի 14 պոչամբարներում առկա միլիոնավոր տոննաների հասնող նյութերի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի բնակչության առողջության մասին տվյալներին:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդյունաբերական թափոնների 99 տոկոսը տալիս են հենց հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք սակայն ապահովում են ՀՆԱ-ի 2-4 տոկոսը:
«Հաքերից վնասը մեծ է, իսկ օգուտը չի երեւում»- ասաց Կ. Դանիելյանը: Նրա կարծիքով` հանքարդյունաբերական լիցենզիաների մորատորիումը պետք է հայտարարվի առնվազն 5 տարով, իսկ գործող հանքերը պետք է լիարժեք ուսումնասիրել: Բացի այդ` պետք է միջոցներ ձեռք առնել պոչամբարները որպես հանք օգտագործելու առումով:




























