«Զվարթնոց» օդանավակայաանի տարածքում ստեղծված սառնարանային տնտեսությունն արդեն գործում է, իսկ հաճախորդների թիվն` ավելանում: Այդ մասին այսօր` հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Ի դեպ` Մ. Վենդեն «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերության անունից համաձայնագիր ստորագրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ`«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով:

Ըստ Տ. Դավթյանի` Հայաստանում նախատեսվում է ստեղծել 3 տնտեսական գոտի` «Զվարթնոցում» (գյուղատնտեսական ուղղվածության), «Մարս» գործարանի տարածքում (ռուսական «Սիտրոնիքսի» հետ` արդյունաբերական ուղղվածության), ինչպես նաեւ եւս մեկը` բարձր տեխնոլոգիական ուղղվածությամբ: Առաջին երկուսն, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի էլ կգործեն:

«Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերությունը (պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին) պարտավորություն է ստանձնում ստեղծել «Զվարթնոցի» ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքները, իսկ կառավարությունը կընդունի եւ կհրապարակի անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթերը: Հիմնական ներդրումները կիրականացվեն մասնավոր ընկերությունների կողմից: