Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` սկիզբ դնելով «Գեղեցիկ Երեւան» ծրագրին, որի նպատակը Երեւանի քաղաքային միջավայրի բարելավումն է:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը նախատեսում է հուշարձանների պատվանդանների եւ նրանց հարակից տարածքների   բարեկարգում եւ լուսավորում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի արտաքին տեսքի վերանորոգում, քաղաքապետարանի եւ ՄԱԶԾ-ի համատեղ ընտրված թաղամասում պիլոտային ծրագրի իրականացում:

«Այս տարի Երեւանի արտաքին բարեկարգմանն ավելի շատ ենք ուշադրություն դարձրել: Համոզված եմ` դա տրամադրություն է ստեղծում. ներդրողների մոտ ավելի մեծ լավատեսություն է առաջացնում եւ, իհարկե, ազդում է Երեւանի զբոսաշրջիկների  ու երեւանցիների տրամադրության վրա: «Գեղեցիկ Երեւան» ծրագիրը մի քանի նպատակ ունի եւ համոզված եմ, այն հաջողությամբ կիրականացնենք»,- ասել է քաղաքապետը:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ակնկալում է երկարատեւ ու արդյունավետ համագործակցություն քաղաքապետարանի հետ: «Ծրագիրը տեւելու է 2 տարի եւ ինչ-որ առումով արդեն սկիզբ է առել. մրցույթները հայտարարվել են: Երեւանի 4 վայրեր են նախընտրված ծրագրի իրականացման համար: Մեր գործընկերոջª Երեւանի քաղաքապետի հետ միասին մենք կմիավորենք մեր փորձն ու ջանքերըª վերածնելու Երեւանի ոգին, խթանելու ակտիվ գործունեությունը մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ համատեղ ձեռնարկներում` ուղղված Երեւանի գեղեցկացմանը: Բացի այդ ծրագիրը կօգնի, որ աշխատատեղեր ստեղծվեն: Մեկ այլ արդյունք էլ ենք ակնկալում` արտաքին ներդրումների եւ զբոսաշրջության խթանում»,- ընդգծել է Դաֆինա Գերչեւան:

Ծրագիրն իրականացվելու է համատեղ ֆինանսական միջոցներով: