Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր`հուլիսի 14-ին, Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ մասնակցել տոնական ընդունելությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն ազգային տոնի կապակցությամբ կառավարության անունից շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, եւ նշել, որ Ֆրանսիայի ազգային տոնն այն բացառիկ տոներից է, որ նշվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլ տարբեր պետություններում, հաշվի առնելով այն մեծ խորհուրդը, որ նա իր մեջ կրում է: «Ազատության, արդարության, հավասարության, ժողովրդավարության համար մղվող պայքարում Ֆրանսիայի ազգային տոնը ոգեւորում է նաեւ ժամանակակից աշխարհի առաջադեմ բոլոր մարդկանց: Այդ արժեքները կրող հասարակությունների, նաեւ մեզ համար Ֆրանսիայի ազգային տոնի խորհուրդը առաջնորդում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ»,-ասել է Տ. Սարգսյանը:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, վարչապետը նշել է, որ դրանք ունեն խորը արմատներ: Սակայն ավելի կարեւոր է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ապագան: Վարչապետի համոզմամբ՝ մեր երիտասարդ պետությունը, որ այս տարի նշելու է իր անկախության 20 ամյակը, Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ ունենալու է նորանոր ձեռքբերումներ տնտեսական, սոցիալական, քաղաքական բնագավառներում: