Թռչնագրիպի (H5N1) բռնկումն Իսրայելում ավելի քան 2000 կռունկ է սպանել, հաղորդում է AFP-ն:

Ի հավելումն արդեն սատկած 2000 թռչունների, ենթադրվում է, որ առնվազն 10000 թռչուն վարակվել է, ասել է Իսրայելի Բնության եւ զբոսայգիների վարչության մասնագետ Օհադ Հացոֆը:

Չնայած վիրուսը խոցում է երկիրն ամեն տարի, այս բռնկումը շատ ավելի ուժեղ է, քան նախորդ տարիներինը։ Փորձագետները սպանված կռունկների թիվը որպես «բացառիկ» են որակում:

Հոկտեմբերից սկսած ամեն տարի Իսրայել է ժամանում մոտ 100 հազար վայրի կռունկ։ Սա նրանց կանգառներից մեկն է դեպի Աֆրիկա իրենց միգրացիայի ճանապարհին, նրանք հիմնականում գալիս են Հուլայի հովիտ: Այս պահին այնտեղ դեռ մոտ 40 հազար թռչուն է մնում:

Բացի այդ, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, թռչնագրիպ է հայտնաբերվել հյուսիսային Իսրայելի հավերի մի շարք պոպուլյացիաներում: Նախարարությունը կասեցրել է տուժած գյուղացիական տնտեսությունների ձվի վաճառքը։