Ֆրանսիայի արեւմտյան ափին՝ Կարանտեկ կոմունայում, աշխարհի ամենամեծ ոստրեն են որսացել։ Այս մասին հաղորդել է 24matins ինտերնետային պորտալը։

Գտածոյի քաշը 2230 գրամ է եղել՝ մի քանի տասնյակ գրամ ավելի ծանր անցյալ տարվա ռեկորդակրից, որին նույնպես այս լողափում էին որսացել: Համեմատության համար նշենք, որ ամենամեծ ոստրեները, որոնք կարելի է գնել սովորական շուկայում, սովորաբար 150 գրամից փոքր-ինչ ծանր են լինում:

«Ոստրեների նոր թագավորի» խեցու չափսերը եղել են 26.5 սմ երկարություն, 13 սմ լայնություն եւ 10 սմ հաստություն։ Les Huitres de Pen al Lann ընկերությունը, որը բռնել է այս հսկային, կարծում է, որ խեցեմորթը մոտ 15 տարեկան է։ Ընկերության ներկայացուցիչ Գրեգ Բերդերը հայտնել է, որ այս տարի կարողացել է բռնել յուրաքանչյուրը 1 կգ-ից ավելի կշռող մի քանի նմուշ։

Միաժամանակ Բերդերը վստահեցրել է, որ նույնիսկ նման չափսերի ոստրեները կարելի է ուտել։ Այն Սուրբ Ծնունդի համար ձեռք է բերել տեղի հաստատություններից մեկը, սակայն վաճառքի գինը չի հաղորդվում: Նման խեցին բացելու համար ոստրեի համար նախատեսված սովորական դանակը բավարար չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս մուրճ օգտագործել կամ պարզապես եփել ոստրեները ջեռոցում, ինչն ավելի անվտանգ է: