Աշտարակ քաղաքում այսօր` հուլիսի 14-ին հանդիսավորությամբ նշվել է Աշտարակի Կախովի կամրջի եւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտը։ Բարեկարգման աշխատանքները կատարվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Աշտարակի քաղաքապետարանի կողմից։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում բարեկարգվել է Քասախ  գետի ձախ եւ աջ  ափերը  միմյանց միացնող  միակ  հետիոտնային կամուրջը: Կախովի կամուրջը նաեւ զբոսաշրջության համար  կարեւոր նշանակություն ունեցող վայր է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի բազմադարյա պատմություն ունեցող  Սուրբ Սարգիս, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ, Աշտարակի ջրաղաց եւ Հին կամուրջ:

Կամուրջն առանձնահատուկ նշանակություն ունի աշտարակցիների համար, քանի որ կամրջով է անցնում դեպի դպրոց տանող ճանապարհը։  Կամուրջը 1970-ական թվականների կառույց է եւ մինչ օրս չէր վերանորոգվել։

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրել է, որ Աշտարակում՝ Քասախ գետի վրա, կա 4 կամուրջ, որոնք բոլորն էլ բարեկարգ վիճակում են։