Հայաստանի ֆինանսների նախարարությունը Սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային ստորաբաժանումներում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է քրեաիրավական բնույթի խախտումներ: Այսօր` հուլիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով` սկզբնական ստուգումը սկսվել եւ ավարտվել էր Երեւանում, որի արդյունքներով, գործերն ուղարկվել էին դատախազություն: Այնուհետ ստուգումները շարունակվել են մարզերում, որի վերաբերյալ հաշվետվությունը նույնպես ուղարկվել է դատախազություն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ստուգումների արդյունքում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, թեեւ աշխատանքից ազատվել է ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
NEWS.am-ն այսօր սոցապ նախարարից հետաքրքրվեց, թե, արդյոք, Վ. Խաչիկյանի դեմ քրեական գործ չի՞ հարուցված: Ա. Գրիգորյանի խոսքով` քրեական գործը հարուցված է դեպքի առթիվ, ոչ թե` անձերի դեմ: «Դա դատախազության իրավասության հարց է` ես չեմ հետաքրքրվում»,- ասաց սոցապ նախարարը:



























