Հնդկաստանի կառավարությունը սառեցրել է Արեւմտյան Բենգալիայում Մայր Թերեզայի միսիոներական բարեգործական հիմնադրամի բանկային հաշիվները՝ հանգստյան օրերին Սուրբ ծննդի տոնակատարությունների դեմ բողոքի ցույցերից հետո, հայտնում է Reuters-ը։

Հինդուների խմբերը տապալել են Սուրբ ծննդի պատարագը Հնդկաստանի որոշ հատվածներում՝ առաջիկա ամիսներին կայանալիք տեղական ընտրություններից առաջ:

Հինդուների կոշտ կազմակերպությունները բազմիցս հիմնադրամին մեղադրել են բարեգործության շղարշի ներքո դավանափոխության ծրագրեր իրականացնելու մեջ:

«Ցնցված եմ այն բանից հետո, երբ իմացա, որ Սուրբ ծննդին Մայր Թերեզայի բարեգործական միսիոներների բոլոր հաշիվները Հնդկաստանում սառեցվել են»,- Twitter-ում գրել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին։ «Նրանց 22 000 պացիենտներն ու աշխատակիցները մնացել են առանց սննդի եւ դեղորայքի։ Թեեւ օրենքն առաջնային նշանակություն ունի, մարդասիրական ջանքերը չի կարելի սպառնալիքի տակ դնել»,- ասել է ընդդիմության առաջնորդ եւ կառավարության խիստ քննադատ Բաներջին:

Նոբելյան մրցանակակիր, հռոմեական կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան, ով մահացել է 1997 թվականին, 1950 թվականին հիմնադրել է «Գթության միսիոներները»։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգում։ Կազմակերպությունում ընդգրկված են ավելի քան 3000 միանձնուհիներ ամբողջ աշխարհում, որոնք ղեկավարում են հոսփիսներ, համայնքային խոհանոցներ, դպրոցներ, բորոտների գաղութներ եւ որբանոցներ:

Կալկաթայի արքեպիսկոպոսական փոխանորդ Դոմինիկ Գոմեսն ասել է, որ Արեւմտյան Բենգալիայում հաշիվների սառեցումը «դաժան սուրբծննդյան նվեր էր աղքատներից ամենաաղքատների համար»: