Virgin-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը կարծում է, որ վիրուսի տարածումը կանխելու բանալին պատվաստումները եւ Covid-19-ի դեմ այլ նախազգուշական միջոցներն են, այլ ոչ թե «քայքայիչ լոքդաունները»:

Virgin կայքի իր բլոգում գրառման մեջ Բրենսոնը գրում է, որ «Covid-19-ի դեմ պատվաստումը, զուգորդված խելացի ամենօրյա պրակտիկաների հետ, ինչպիսիք են փակ տարածքներում դիմակ կրելը եւ պատվաստման ապացույցը», մնում են «գլոբալ վերականգնման» հասնելու լավագույն միջոցները:

Նա քննադատել է «ավելի քայքայիչ լոքդաունները եւ ուղեւորությունների արգելքները»՝ հավելելով, որ «պետք է լինի համաչափ պատասխան, որը հավասարակշռում է Covid-ի ակնհայտ ռիսկերը հոգեկան առողջության եւ տնտեսական ռիսկերի հետ, որոնք խանգարում են մարդկանց ապրել իրենց կյանքով»:

Բրենսոնը կառավարություններին քննադատել է «պատկերն ամբողջությամբ չտեսնելու» համար եւ ասել է, որ լոքդաունները, «ավելորդ» կարանտինները եւ ուղեւորությունների արգելքները «քայքայում են փոքր բիզնեսը եւ ապրուստի աղբյուրները, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հյուրանոցային բիզնեսն ու ճանապարհորդությունները»: