Սոցիալական ցանցերը 2021 թվականին կրկին հայտնվեցին սկանդալների կենտրոնում։ Նրանց աճող ազդեցությունը, ապատեղեկատվության տարածումը եւ օգտատերերի անձնական տվյալների արտահոսքը ստիպեցին ամբողջ աշխարհի կառավարություններին մտածել սոցիալական ցանցերում կանոններ եւ կանոնակարգեր սահմանելու մասին: Թե որքանով է սա իրականանալի, ցույց կտա ապագան, իսկ առայժմ մենք որոշեցինք հիշեցնել ամենաաղմկոտ սկանդալները, որոնցում ներգրավված են եղել սոցիալական հսկաները եւ դրանց թվում Facebook-ը, որը գլխավոր դերում էր։

Արգելափակում ենք նախագահներին

Հունվարի 6-ին գրոհով Կապիտոլիումը վերցնելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների փորձերից եւ «անարդար» ընտրությունների մասին նրա հայտարարություններից հետո սոցիալական ցանցի մուտքը նրա համար ընդմիշտ փակ է։

Անկարգություններից հետո Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը սկզբում 12 ժամով արգելափակեց Դոնալդ Թրամփի հաշիվը եւ պահանջեց հեռացնել համայնքի կանոնները խախտող երեք գրառում։ Սակայն այդ ժամկետից հետո Թրամփը երկու նոր թվիթ հրապարակեց, որոնք, ըստ Twitter-ի, «խախտել են բռնության հերոսացմանը հակազդելու սոցիալական ցանցի քաղաքականությունը»։ Արդյունքում հունվարի 8-ին Twitter-ը ընդմիշտ արգելափակեց ԱՄՆ 45-րդ նախագահի հաշիվը։ Այս օրինակին հետեւեցին Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը, Discord-ը, Pinterest-ը, Snapchat-ը եւ Twitch-ը: Google-ը եւ Apple-ը իրենց հավելվածների խանութներից հեռացրեցին Parler սոցիալական ցանցը, ուր Թրամփի կողմնակիցները մտադիր էին տեղափոխել իրենց հաղորդակցությունը։ Ըստ Zignal Labs վերլուծական ընկերության՝ այս միջոցառումներից հետո Twitter-ում ապակողմնորոշիչ գրառումների թիվը նվազեց 73%-ով։ Ի պատասխան՝ հոկտեմբերին Թրամփը հայտարարեց սեփական՝ TRUTH Social սոցցանցի ստեղծման մասին։

Հուլիսին Twitter-ը եւ Facebook-ը երկրի Գերագույն դատարանի պահանջով արգելափակեցին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մերձավոր շրջապատից 16 մարդկանց էջերը՝ ապատեղեկատվություն տարածելու համար։

Հոկտեմբերին YouTube-ը արգելափակեց Ժաիր Բոլսոնարոյի ալիքը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների եւ ՁԻԱՀ-ի կապի մասին տեսությունը լուսաբանելու համար։ Նա մեկ շաբաթ չի կարողանա հրապարակումներ եւ ուղիղ հեռարձակումներ անել, գրել էր Globo-ն։

Տեսահոսթինգի ծառայությունը սառեցրեց նախագահի ալիքը եւ ջնջեց Բոլսոնարոյի շաբաթական եթերի ձայնագրությունը այն բանից հետո, երբ նա մեջբերել էր բրիտանական կառավարության զեկույցի կեղծ հրապարակումը այն մասին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում։

Twitter-ը հունիսի 2-ին ջնջեց Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուխարիի հաղորդագրությունները, որոնցում նա սպառնում էր անջատողականներին պատժել կառավարական շենքերի վրա հարձակումների համար։ Նաեւ Twitter-ը 12 ժամով արգելափակեց պետության ղեկավարի հաշիվը։ Ի պատասխան՝ Նիգերիան Twitter հարթակի օգտագործումը անօրինական հայտարարեց։ Հունիսի 4-ից սոցիալական ցանցն արգելափակվեց Նիգերիայի բոլոր բնակիչների համար։ Արգելափակումն իրականացվում է ինչպես ինտերնետ պրովայդերների, այնպես էլ բջջային օպերատորների կողմից: Միեւնույն ժամանակ, օգտատերերը դեռ կարող են շրջանցել արգելքը՝ օգտագործելով կողմնակի ծառայություններ, ինչպիսին է VPN-ը, սակայն բոլոր խախտողները քրեական պատասխանատվության կենթարկվեն, նախազգուշացրել են իշխանությունները:

Facebook-ին մերկացնողը

Հոկտեմբերի սկզբին Facebook-ի նախկին աշխատակից, արտադրանքի մենեջեր Ֆրենսիս Հաուգենը հատուկ լսումների ժամանակ հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի առջեւ, որտեղ պատմեց Մարկ Ցուկերբերգի ընկերության ոչ էթիկական գործելակերպի մասին։ «Facebook-ը ցանկանում է ամեն գնով աճել՝ դառնալով գրեթե 1 տրիլիոն դոլարանոց ընկերություն, որը շահույթ է ստանում՝ զոհաբերելով մեր անվտանգությունը»,- ասել էր Հաուգենը:

Հիմնվելով Հաուգենի կողմից հրապարակված ընկերության ներքին փաստաթղթերի վրա՝ Wall Street Journal-ը հրապարակեց հետաքննություն, որը կոչվում էր The Facebook Files:

Facebook-ը սրում է ատելությունն ու ծայրահեղականությունը համացանցում, հայտարարել էր Հաուգենը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում։

Հաուգենը բրիտանացի օրենսդիրներին պատմել էր, թե ինչպես են Facebook-ի խմբերը ատելություն սերմանում համացանցում՝ հայտարարելով, թե ալգորիթմները, որոնք կարեւորը ներգրավվածությունն են համարում, մարդկանց մղում են ծայրահեղությունների: «Իհարկե, ատելությունը դրանից միայն ավելի է խորանում»,- ասել էր նա: Նրա խոսքով՝ ընկերությունը կարող է մոդերատորներ ավելացնել՝ ծայրահեղական հայացքներ տարածելող խմբերի օգտագործումը կանխելու համար:

Նրա խոսքով, սոցիալական սանցերի հսկան առաջնահերթությունը տալիս է օգտատերերի ներգրավվածությանը եւ աճին, այլ ոչ թե առցանց անվտանգությանը: Հաուգենը պնդում է, որ Facebook-ի համակարգերը խթանում են առցանց ատելությունը եւ ծայրահեղականությունը, չեն կարողանում պաշտպանել երիտասարդներին վնասակար բովանդակությունից, եւ ընկերությունը այդ խնդիրները լուծելու որեւէ շարժառիթ չունի:

Հիմնվելով նրա տեղեկատվության վրա՝ սոցցանցին մեղադրեցին հետեւյալի մեջ.

Instagram-ը դեռահասների մոտ հոգեբանական խնդիրներ է առաջացնում,

Facebook-ը չի չափավորում բռնության կոչերը զարգացող երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում,

Facebook-ի օգտագործման պայմանները ոչ բոլորի վրա են տարածվում, որոշ «արտոնյալ» հաշիվներ կարող են անպատիժ հրապարակել գրեթե ամեն ինչ,

Facebook-ի ալգորիթմը միտումնավոր խթանում է օգտատերերին զայրացնող գրառումները,

Facebook-ը Վիետնամում գրաքննում է քաղաքական բովանդակությունը՝ երկրի կառավարության պահանջով,

Facebook-ի ղեկավարությունը չեղարկել է ապատեղեկատվության եւ ագրեսիվ բովանդակության դեմ պայքարի համար պատասխանատու թիմի նախաձեռնությունը,

Facebook-ում իմացել են, որ ԱԲ-ն ատելության ողջ բովանդակության միայն 0,6%-ն է հեռացնում, սակայն դրա դեմ ոչինչ չեն արել,

WhatsApp-ը, ըստ ամենայնի, նայում է օգտատերերի անձնական հաղորդագրությունները:

Ներդրողների հետ զրույցում Մարկ Ցուկերբերգը արտահոսքերը բնութագրել է որպես ընկերության շուրջ կեղծ պատկեր ստեղծելու միասնական ջանքեր, քանի որ փաստաթղթերը «միայն մասամբ» են հրապարակվում։ Իր գրառման մեջ նա պատասխանել է Ֆրենսիս Հաուգենի խոսքերին. «Այս մեղադրանքների հետեւում այն գաղափարն է, որ մեզ համար շահույթն ավելի կարեւոր է, քան անվտանգությունն ու հարմարավետությունը։ Սա պարզապես ճիշտ չէ։ <…> Այն փաստարկը, որ հանուն փողի մենք միտումնավոր գովազդում ենք բովանդակություն, որը զայրացնում է մարդկանց, խորապես անտրամաբանական է: Մենք գումար ենք վաստակում գովազդի միջոցով, եւ գովազդատուներն անընդհատ ասում են, որ չեն ցանկանում այն վնասակար կամ նյարդայնացնող բովանդակության կողքին տեսնել: <…> Հայտարարությունների մեծ մասն ուղղակի անիմաստ են»:

Չնայած Հաուգենի ցուցմունքների հետ կապված սկանդալին՝ 2021 թվականի երրորդ եռամսյակում Facebook-ի շահույթը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճեց մինչեւ 9 միլիարդ դոլար՝ 7,8 միլիարդ դոլարի դիմաց: Ավելին, ընկերության բաժնետոմսերը մեկ տարվա ընթացքում թանկացան 24,7 տոկոսով։ Ներդրողները երես չթեքեցին ընկերությունից, ավելին, նրանք նույնիսկ ի վիճակի չեն աշխատանքից հեռացնել Մարկ Ցուկերբերգին, ում պատկանում են ձայնի իրավունք ունեցող 58% բաժնետոմսերը։ Միակ բանը, որ կարող է վախեցնել նրանց, դա Facebook-ի քաղաքականության կտրուկ շրջադարձն է։ Հիմնականում դա է պատճառը, որ ընկերությունը Ֆրենսիս Հաուգենի ցուցմունքներից եւ լրատվամիջոցներում արտահոսքի հրապարակումներից հետո որեւէ արմատական միջոց չձեռնարկեց։

Այս բոլոր սկանդալներից հետո Facebook-ը փոխեց իր անունը Meta-ի։ Նրա հիմնական սոցիալական ցանցի անունը մնում է նույնը։ Ռեբրենդինգի մասին հայտարարվեց Facebook-ի ծրագրավորողների ամենամյա համաժողովում, ըստ պաշտոնական վարկածի՝ նոր անվանումն ավելի լավ կհամապատասխանի ընկերության ներկա գործունեությանը։

Whatsapp

Տարեսկզբին առանձնացավ Whatsapp-ը։ Մեսսենջերը հայտարարեց, որ գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխություններ կմտցվեն, եւ Facebook մայր-ընկերությունը ընդլայնված տեղեկատվություն կստանա օգտատերերի հաշիվների մասին՝ «գովազդի թիրախավորումը բարելավելու համար»: Սա մեգասկանդալի պատճառ դարձավ՝ կարծիքների թոփ-առաջնորդները, խոշոր փորձագետները, հասարակական կազմակերպությունները քննադատությամբ հանդես եկան, իսկ որոշ աստղեր եւ քաղաքական գործիչներ ցուցադրաբար գնացին Telegram եւ Signal: Մեսենջերի օգտատերերի արտահոսքը տպավորիչ էր։  Facebook-ը նույնիսկ ժամանակավորապես տեղի տվեց եւ հետաձգեց գաղտնիության նոր կանոնների ուժի մեջ մտնելը, սակայն ամբողջությամբ չհրաժարվեց դրանցից: Անհնազանդ օգտատերերին, ովքեր չընդունեցին նոր քաղաքականությունը (հավելվածում կոճակը սեղմելը), սպառնում էին կամ անջատել կարեւոր գործառույթները, կամ նույնիսկ ամբողջությամբ ջնջել հաշիվները:

Facebook-ը սկսեց ավելի քիչ դուր գալ

The Verge-ը հրապարակել է իր տարեկան տեխնիկական հարցումը՝ 34 տոկոսն ասել է, որ բացասաբար է վերաբերվում Facebook-ին՝ 2020-ի 29 տոկոսի համեմատ, իսկ 42 տոկոսը ասել է, որ բացասաբար է վերաբերվում Twitter-ին՝ 2020-ի 39 տոկոսի համեմատ:

TikTok

Սեպտեմբերի վերջին TikTok-ը հայտարարեց, որ հարթակի ամսական լսարանը առաջին անգամ հասել է ավելի քան 1 միլիարդ մարդու։ 2021 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ հավելվածը ներբեռնել էին ավելի քան 3 միլիարդ անգամ։

Բացի այդ, TikTok-ը դարձավ 2021 թվականի ամենաշատ այցելվող ինտերնետ-ռեսուրսը՝ հետեւում թողնելով անցյալ տարվա առաջատարին՝ Google կայքին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Cloudflare ընկերության տվյալներին, որը ծառայություններ է մատուցում համացանցում բովանդակության մատակարարման եւ տարածման համար։ Ըստ ամսագրի՝ TikTok-ը դեռեւս այս տարվա փետրվարին սկսեց վարկանիշում առաջատար դիրքեր զբաղեցնել։ Օգոստոսին ծառայության ժողովրդականությունը սկսեց աճել։

Ընկերությունը պարզաբանել է, որ հաշվարկելիս հաշվի են առնվել կայքի օգտատերերի այցելությունները, ինչպես նաեւ նրանց կողմից սոցիալական ցանցի հավելվածի օգտագործումը։ Նշվում է, որ անցյալ տարի Cloudfare-ը վարկանիշում TikTok-ին ընդամենը յոթերորդ տեղն է տվել։

Ըստ РБК, The Bell, BBC, Газета-ի նյութերի։