Որքան անհեթեթ է դավադրության տեսությունը, այնքան ավելի շատ կողմնակիցներ ունի այն: Կորոնավիրուսային համավարակը եւ սոցցանցերը յուղ են լցնում կրակի վրա։ Թվում է, թե 21-րդ դարն է, սակայն միջնադարից ի վեր քիչ բան է փոխվել։ Նախկինում կանանց մեղադրում էին կախարդության մեջ միայն այն պատճառով, որ նրանք կանաչ աչքեր ունեին եւ այրում էին խարույկի վրա, այսօր մարդիկ հավատում են ռեպտիլոիդներին, «ամենազոր չարագործ» Բիլ Գեյթսին, ով «միտումնավոր» է տարածել կորոնավիրուսը, որ պատվաստանյութերն ու 5G ցանցերը մարդկանց զոմբի են դարձնում։ Խարույկի վրա այրելուն դեռ չի հասել, բայց այդ օրերն էլ հեռու չեն։ Մենք որոշեցինք ներկայացնել դավադրության ամենատարածված տեսությունները, որոնք պտտվել են օդում, լրատվամիջոցներում եւ սոցցանցերում 2021 թվականին։
Մոտ 24 ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում շատերն առաջին անգամ լսեցին օմիկրոն շտամի մասին, հանրապետական կոնգրեսական Ռոնի Ջեքսոնը դավադրության տեսություն առաջարկեց՝ տեղի ունեցողը բացատրելու համար: «Ահա եւ միջանկյալ ընտրությունների տարբերակը,- թվիթերում գրել էր Ջեքսոնը, ով նաեւ բժիշկ է:- Նրանց պատճառ է պետք, որպեսզի չպահանջված քվեաթերթիկներն ուղարկեն ամբողջ երկրով մեկ։ Դեմոկրատներն ամեն ինչ անելու են ընտրությունների ժամանակ խաբելու համար, բայց մենք նրանց թույլ չենք տա»։
Նրան աջակցեց Fox News-ի ներկայացուցիչ Փիթ Հեգսեթը. «Սպասե՛ք (նոր) տարբերակի մոտավորապես ամեն հոկտեմբեր`ամեն երկու տարին մեկ»:
Ուղերձը պարզ է. Omicron-ի ի հայտ գալը դեմոկրատների համար քաղաքական խաղ է` քվեատուփի մոտ նրանց օգնելու համար:
Զարմանալի է, որ գիտական եւ նույնիսկ տրամաբանական հիմնավորումից զուրկ դավադրության տեսություններն ազդում են նաեւ կիրթ թվացող մարդկանց վրա։
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Aurora Medical Center կենտրոնի աշխատակիցը, ով մեղադրվում է Moderna պատվաստանյութի մոտ 600 դեղաչափ միտումնավոր փչացնելու մեջ, այն դավադրության տեսության կողմնակիցն է, որ դեղամիջոցը կարող է վնասել մարդկանց եւ փոխել նրանց ԴՆԹ-ն: Գրաֆթոն քաղաքի ոստիկանությունը նշել է, որ դեղագործ Սթիվեն Բրանդենբերգը պատվաստանյութերով տուփը հանել է սառնարանից եւ թողել դրսում 12 ժամ՝ այն անօգուտ դարձնելով: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ պարզվել է, որ բուժաշխատողը «դավադրության տեսության կողմնակից է», ըստ որի COVID-19-ի դեմ պատվաստանյութն իբր «անվտանգ չէ մարդկանց համար, կարող է վնասել նրանց եւ փոխել ԴՆԹ-ն»։ Հեռուստաալիքը նշում է, որ բժշկական մասնագետները բազմիցս հայտարարել են, որ պատվաստանյութերը չեն փոխում ԴՆԹ-ն:
Բրիտանական ծագում ունեցող Մեթյուն համոզված է, որ համաշխարհային օրակարգի երկու ամենահրատապ թեմաների հետեւում ստվերային ուժեր կան, եւ որ իրեն չեն ասում ճշմարտությունը: «Ահաբեկման եւ քարոզչության այս բոլոր արշավները ոչ այլ ինչ են, քան ինչ-որ մեկի կողմից որոշակի օրակարգ պարտադրելու փորձ»,- ասում է նա։ «Կլիման, կորոնավիրուսը կամ մեկ այլ բան. նրանց դա չի հետաքրքրում»: Մեթյուն ապրում է Նոր Զելանդիայում վերջին 20 տարիների ընթացքում: Այս երկիրն այն քչերից է, որը նպատակ է դրել ամբողջությամբ վերացնել Covid-19-ը խիստ կարանտինային միջոցառումների միջոցով։
Մտահոգված լինելով Նոր Զելանդիայի կառավարության այս մոտեցմամբ՝ Մեթյուն դիմել է սոցցանցերին, որտեղ նա տեղեկատվություն եւ շփում է փնտրում իր նման մտածողների հետ։
Նա միացել է պատվաստումների եւ դիմակներ կրելու դեմ պայքարող օգտատերերի խմբին, որոնք միաժամանակ սնում են նրան բազմաթիվ ենթադրություններով համաշխարհային չարամիտ դավադրությունների մասին:
Դավադրության տեսությունների աշխարհի մեջ ընկղմվելն ազդել է նրա կյանքի տեսլականի եւ սիրելիների հետ հարաբերությունների վրա: Տեսակապի միջոցով ինձ հետ զրուցելիս նա թաքնվել էր այգու ետնամասում, քանի որ չէր ուզում, որպեսզի իր զուգընկերուհին, ով իր տեսակետները չի կիսում, լսի մեզ։
Մեթյուն և նրա առցանց համայնքի անդամները չեն առանձնացնում «քովիդային քարոզչությունը» «կլիմայականից» եւ դրանք մի դավադրության մաս են համարում:
Telegram-ում խմբերը, որոնք բողոքում են լոքդաունների եւ պատվաստումների դեմ, ավելի ու ավելի են ընդգրկվում գլոբալ տաքացման քննարկման մեջ՝ հղելով նույն դավադրական բացատրություններին:
Նրանց գրառումները դուրս են քաղաքական քննադատության եւ ազնիվ բանավեճի շրջանակներից: Դրանք լի են կեղծ տեղեկություններով, հորինված պատմություններով եւ կեղծ գիտական հաշվարկներով։
Ըստ Լոնդոնում գործող Ռազմավարական երկխոսության ինստիտուտի, որը վերլուծում է ապատեղեկատվության միտումները համացանցում, լոքդաունին դեմ հանդես եկող համայնքներն ավելի ու ավելի հաճախ են դիմում «ուռճացված» կամ նույնիսկ, իրենց կարծիքով, «հորինված» կլիմայական սպառնալիքի թեմային: Նրանք կարծում են, որ այդ ամենն ինչ-որ մեկին պետք է մարդկանց վրա վերահսկողություն հաստատելու համար։ Դրանում մասնագիտացած խմբերից մեկը՝ «Սպիտակ վարդ»-ը, հասցրել է ընդգրկել Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, ինչպես նաեւ Նոր Զելանդիան, որտեղ եւ Մեթյուն բացահայտել էր այն իր համար:
«Այն չի ղեկավարվում մեկ կամ երկու հոգու կողմից,- բացատրում է Մեթյուն:- Դա ապակենտրոնացված հորիզոնական համայնք է։ Ստիկերներ ես վերցնում այնտեղից, բացում եւ կպցնում ես լամպերի սյուների վրա եւ նման այլ բաներ»։
Զրուցակցիս նշած ստիկերները «Դիմադրիր Նոր Նորմին», «Իսկական մարդիկ դիմակներ չեն կրում» կամ նույնիսկ «Ոչ մի համավարակ էլ չկա» կարգախոսներ են պարունակում։
Մեթյուն խոստովանում է, որ համացանցում տարածված որոշ տեսություններ չեն հիմնավորվում փաստերով եւ այնքան էլ արժանահավատ չեն թվում, բայց նա անսասան է մեկ հիմնական հարցում. կա «կառավարությունների եւ խոշոր կորպորացիաների շահերի համընկնում», որը, նրա կարծիքով, համավարակի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի քողի տակ իր գիծն է առաջ տանում։
10-ից մեկ իտալացի կարծում է, որ տիեզերագնացները երբեք ոտք չեն դրել Լուսնի վրա, մինչդեռ 5.8 տոկոսը կարծում է, որ Երկիրը հարթ է, ըստ հարցման, որն ասում է, որ դավադրության տեսություններն արմատացել են իտալական հասարակության մեջ:
Censis հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցումը, որին մասնակցել է 1200 մարդ, նաեւ ցույց է տվել, որ մեծահասակների 19.9 տոկոսը կարծում է, որ 5G անլար տեխնոլոգիան մարդկանց մտքերը կառավարելու բարդ միջոց է:
Իտալիայում կորոնավիրուսի առաջին հայտնաբերումից մոտ երկու տարի անց հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 5.9 տոկոսը չի հավատում վիրուսի գոյությանը, 10.9 տոկոսը նշել է, որ պատվաստանյութերն անօգուտ են, իսկ 12.7 տոկոսը հայտարարել է, որ գիտությունն ավելի շատ վնաս է տվել, քան օգուտ:
«Ռացիոնալությունը... շատ դեպքերում իր տեղը զիջում է ամենաանհավանական ֆանտազիաներին հավատալու անհիմն պատրաստակամությանը», - ասվում է Censis-ի հայտարարության մեջ:
Դավադրության տեսությունների զոհ են դառնում հայտնի մարդիկ: Օրինակ՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, ով պատրաստվում է դատարան դիմել համացանցում հայտնված լուրերի պատճառով, որ ինքը տրանսգենդեր կին է եւ ծնվելիս տղա է եղել։
Լուրերն առաջին անգամ հայտնվեցին սեպտեմբերին ուլտրաաջ վեբ-կայքում, հետո դրանց միացան դավադրության տեսությունների սիրահարները, ինչից հետո դրանք տարածվեցին նաեւ սոցիալական ցանցերում։ Ինչպես հավաստիացնում են կոնսպիրոլոգները, այն ստեղծել է Ժան-Միշել Թրոնյե անունով մի տղա։ Նախագահ Էմանուել Մակրոնի տիկնոջ մասին լուրերի տարածմամբ զբաղվում են հիմնականում նրա ամուսնու հակառակորդներն ուլտրաաջ խմբավորումից, պատվաստումների դեմ հանդես եկող խմբերը եւ QAnon կոնսպիրոլոգիական շարժման կողմնակիցները։
Ֆրանսիական ԶԼՄ-ները հետեւել են հոդվածի պատմության զարգացմանը, որը հայտնվել է ուլտրաաջ ամսագրում ոմն Նատաշա Ռեյի հեղինակությամբ։ Այնուհետեւ այդ բամբասանքը մանրամասն քննարկել են YouTube հեռարձակմամբ, որին մասնակցել են պատվաստման հակառակորդները, քովիդը ժխտողները եւ ծայրահեղ աջ ակտիվիստները։ Դրանից հետո ասեկոսեն լայնորեն տարածվել է զանգվածների շրջանում։
Դավադրության տեսությունը, անշուշտ, հարմար գործիք է քաղաքական մանիպուլյացիայի համար։ Օրինակ, ամերիկյան Վիրջինիա նահանգի երկու ընկերություն 2020 թվականի վերջին եւ 2021-ի սկզբին զբաղվում էր ԱՄՆ նախագահի ընտրություններին օտարերկրյա միջամտության մասին կոնսպիրոլոգիական տեսության տարածմամբ։ Կոնսպիրոլոգիական տեսության իմաստն այն էր, որ մի ինչ-որ իտալական ռազմական կապալառու գործարքի մեջ էր մտել ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցների հետ եւ օգտագործում էր ռազմական արբանյակները, որպեսզի գողանա Թրամփի ընտրաձայներն ու դրանք վերուղղորդի հօգուտ Ջո Բայդենի։ Թվիթերը 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհից հետո արգելափակեց ավելի քան 70 հազար աքաունթ QAnon դավադրության տեսության տարածման պատճառով, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակադրվում է սատանայականների եւ սեռական շահագործողների հանրույթին, որի անդամներ են դեմոկրատների առաջնորդները։
QAnon տեսության համաձայն՝ աշխարհը կառավարում է սատանիստների հանրույթը, որը խարդավանքներ է նյութում Թրամփի դեմ եւ զբաղվում է երեխաների սեռական շահագործմամբ։ Նրա կողմնակիցները կարծում են, որ այդ հանրույթի մեջ են մտնում բարձրաստիճան շատ դեմոկրատներ, ներառյալ Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման եւ Ջորջ Սորոսը, ինչպես նաեւ հոլիվուդյան աստղեր եւ կրոնական գործիչներ, այդ թվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ Դալայ-լաման։
Պատվաստումների՝ արդյունքի հանգեցնելուն եւ մի շարք երկրներում, նախեւառաջ՝ հարուստ, քայլ քայլի հետեւից աստիճանաբար սովորական կյանքին վերադառնալուն զուգընթաց՝ վերլուծաբանները ինտերնետ-տարածքում նկատում են քովիդից կլիմային անցման նշաններ։
Մասնավորապես, Ռազմավարական երկխոսության ինստիտուտը գրանցել է «կլիմայական լոքդաուն» արտահայտության վիրուսային տարածումը։ Նկատի է առնվում այն, որ ապագայում մարդկությանն իբր կպարտադրեն ինչ-որ կոշտ սահմանափակումներ հանուն կլիմայի։ Ավելորդ է ասել, որ այդ ենթադրությունը լիովին անհիմն է։
Տերմինը հատկապես լայնորեն տարածվեց YouTube-ում։ Ընդ որում՝ կլիմայագետներն ասում են, որ համավարակի հետ կապված լոքդաունները գրեթե չեն անդրադարձել ջերմոցային գազերի արտանետումների վրա, եւ նման ռազմավարությունը լրջորեն չի դիտարկվում։
Համենայնդեպս, աշխարհի ապրած ցնցումը համավարակի եւ լոքդաունների հետ կապված՝ դրանց առաջ բերած ֆանտազիաների հետ միասին, պարարտ հող է ստեղծում նոր կոնսպիրոլոգիական վարկածների համար։ Մարդկանց մի մասը հրաժարվում է տեսնել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա, եւ բոլոր վատ նորությունները վերագրում է ինչ-որ հզոր անձանց չարամիտ գործողություններին եւ գաղտնի գործարքներին։
CNN-ի, Reuters-ի, BBC-ի, ՌԲԿ-ի, ՌԻԱ «Նովոստի»-ի, Ինտերֆաքսի նյութերով





























