Բնակելի տունը, որը կառուցվել է 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ, ԱՄՆ-ում առաջին անգամ շահագործման է հանձնվել կարիքավորների աջակցության բարեգործական ծրագրով, հայտնում է CNN-ը:
Շենքը կառուցվել է Վիրջինիա նահանգի Ուիլյամսբերգ քաղաքի մերձակայքում՝ Habitat for Humanity («Տուն՝ մարդկության համար») բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ, որը տներ է կառուցում կարիքավոր ընտանիքների համար։ Շինարարությունն անմիջականորեն իրականացրել է Alquist ընկերությունը, որը մասնագիտացած է 3D տպագրության մեջ։
Ավելի քան 110 ք/մ մակերեսով մեկ հարկանի տունը՝ երեք ննջասենյակներով եւ երկու լոգասենյակներով, կառուցվել է բետոնից՝ հսկայական 3D տպիչի օգտագործմամբ։ Հիմքն ու պատերը կանգնեցնելու համար սարքից ընդամենը 12 ժամ է պահանջվել։
Ապակեպատման, տանիքի եւ հարդարման աշխատանքները կատարել է շինարարների բրիգադը: Ինչպես պարզաբանում է CNN-ը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը առնվազն 15%-ով նվազեցրել է աշխատանքի արժեքը, ինչպես նաեւ զգալիորեն կրճատել է նման կառույցի տների հիմնասյուների տեղադրման ժամանակը՝ սովորաբար դա միջինը չորս շաբաթ է տեւում:
Տան սեփականատերեր են դարձել մի կին եւ նրա 13-ամյա որդին, ովքեր նախկինում բնակվել են բազմահարկ շենքի բնակարանում։ Տունը հիփոթեքով վաճառվել է արտոնյալ պայմաններով, որը Habitat for Humanity ծրագրով տրամադրվում է կարիքավորներին, դրա վերջնական արժեքը չի հրապարակվում։ Այս բնակարանը գնելու իրավունք ստանալու համար կինը պետք է հաստատեր, որ կկարողանա վճարել հիփոթեքը, որ իր եկամուտը կազմում է բնակության տարածքի միջինի 45-80%-ը, ինչպես նաեւ ունենա մաքուր վարկային պատմություն եւ մոտ 300 ժամ ծախսի բարեգործական աշխատանքների վրա։





























