Եվրասիական տնտեսական միությունում բենզինի գները պետք է ձեւավորվեն մեկ տրամաբանությամբ: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ անցյալ տարվա գարնանը, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, բենզինի գները զգալիորեն ընկան:

«Սակայն հետո, ինչպես եւ սպասվում էր, նավթավերամշակողները բարձրացրեցին գները՝ իրենց ավելի վաղ կրած կորուստները փոխհատուցելու համար: ԵԱՏՄ անդամ երկրների իմ գործընկերները հակված են կարծել, որ նավթի եւ նավթամթերքի գները բարձր են մնալու։ Ընդ որում, Եվրոպայում նրանք հավատարիմ են մի փոքր այլ տեսակետի: Նրանք կարծում են, որ գները կնվազեն»,- ասաց Գեւորգյանը։

Այնուամենայնիվ, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կշարունակի խթանել ԵԱՏՄ-ում նավթամթերքի եւ գազի միասնական շուկա ստեղծելու նախագիծը։

«Այս դեպքում գնման գինը, տրանսպորտային ծախսերը, ինչպես նաեւ ներկրողի եւ վաճառողի մարժաները ողջամիտ կլինեն բոլորի համար։ ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ երկրների առեւտրային ընկերությունները պետք է կարողանան հավասար գնով վառելիք գնել միության արտադրողներից։ Իհարկե, տարբեր երկրներում տրանսպորտային ծախսերը տարբեր են, բայց դրանք պետք է հասկանալի լինեն բոլորի համար»,- պարզաբանեց Գեւորգյանը։