ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի գործընկերները միասնական են Ռուսաստանի հետ ակտիվ դիվանագիտական բանակցություններ սկսելու պատրաստակամության մեջ։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ բանակցությունները տեղի կունենան հունվարի 10-ին։ Ինչպես ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, կողմերը կքննարկեն Արեւելյան Եվրոպայում անվտանգության հետ կապված մտահոգությունները եւ Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը նվազեցնելու հնարավորությունը։
Նեդ Փրայսը չի պատասխանել հարցին, թե ով է գլխավորելու ամերիկյան պատվիրակությունը բանակցություններում՝ ասելով, որ այս մասին ավելի շատ տեղեկություններ կհայտնվեն առաջիկա օրերին։ Նա ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը շարունակում է «հստակ եւ հետևողական մոտեցում» ցուցաբերել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ։
«ՆԱՏՕ-ի դաշինքը միակարծիք է այն հետեւանքների հարցում, որոնց կբախվի Ռուսաստանը, եթե գործի Ուկրաինայի դեմ, բայց մենք նաեւ միասնական ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցություններ վարելու մեր պատրաստակամության մեջ... Այդ նպատակով մենք անհամբեր Ռուսաստանի հետ երկխոսության ենք սպասում հունվարի 10-ին ռազմավարական կայունության մասին»,- ասել է Նեդ Պրայսը՝ հավելելով, որ ուկրաինական հարցը կքննարկվի նաեւ հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին, իսկ հունվարի 13-ին՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նիստին (ԵԱՀԿ):
Պետքարտուղարության ներկայացուցիչը հաստատել է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն անպայման հաշվի կառնի դաշնակիցների ու գործընկերների տեսակետները։ «Կլինեն ոլորտներ, որտեղ մենք կարող ենք առաջընթաց գրանցել, եւ ես վստահ եմ, որ որոշ ոլորտներում մենք չենք կարողանա համաձայնության գալ։ Սա է դիվանագիտության էությունը, եւ մենք կարծում ենք, որ երկխոսության եւ դիվանագիտության համար գծերի բացումը կարող է կառուցողական լինել` Ուկրաինայում եւ դրա շրջակայքում հակամարտությունների հավանականությունը նվազեցնելու տեսանկյունից»,- հավելել է Փրայսը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ կայունության ռազմավարական երկխոսությունը, որի հաստատման մասին հայտնի դարձավ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի` հունիսի 16-ի գագաթնաժողովից հետո, «Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցության երկկողմանի ուղ է՝ ռազմավարական կայունության հարցերը քննարկելու համար, որոնք մեծ նշանակություն ունեն ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ… եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների համար»:
«Ուստի ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների ընթացքում մենք միշտ ամբողջությամբ եւ մանրակրկիտ տեղեկացնում ենք մեր դաշնակիցներին պոստֆակտում, որպեսզի նրանց շատ պարզ լինի, թե ինչի ենք մենք ձգտում հասնել»,- ասել է Պրայսը: «ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կտեսնի, որ Միացյալ Նահանգները շատ մոտ են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, մեր ուկրաինացի գործընկերների հետ»:
«Ռուսները ներկայացրել են իրենց մի շարք առաջարկները։ Մենք պատրաստ ենք դրանք քննարկել մեր եվրոպացի դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին։ Ռուսները քաջ գիտակցում են, որ այդ առաջարկներում կան որոշ կետեր, որոնք անընդունելի կլինեն ԱՄՆ-ի եւ մեր եվրոպացի դաշնակիցների ու գործընկերների համար։ Մեր խնդիրն է… որոշել երկխոսության եւ քննարկման ներուժը, ինչպես նաեւ` որոշ ոլորտներ, որոնք արժանի են այդ քննարկմանը մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ»,- հավելել է Նեդ Փրայսը:





























