Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին պաշտպանել չինական տիեզերական կայանը եւ դրա 3 հոգանոց անձնակազմին այն բանից հետո, երբ Պեկինը բողոքեց, որ Իլոն Մասկի SpaceX-ի արձակած արբանյակները քիչ էր մնում բախվեին կայանին:
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Վաշինգտոնին մեղադրել է հուլիսի 1-ի եւ հոկտեմբերի 21-ի դեպքերից հետո «Տյանգուն» կայանի անձնակազմին պաշտպանելու պայմանագրային պարտավորություններն անտեսելու մեջ:
«Տյանգուն»-ը «խուսափողական մանեւրներ» է կատարել՝ Starlink արբանյակների հետ «հավանական բախումները կանխելու» նպատակով, որոնք արձակվել են Space Exploration Technologies Corp.-ի կողմից, ասվում է Չինաստանի կառավարության կողմից Տիեզերքի խաղաղ օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեին ուղղված բողոքում:
«Միացյալ Նահանգները պետք է «անհապաղ միջոցներ ձեռնարկեն` նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեղադրելով Վաշինգտոնին 1967 թվականի Տիեզերքի խաղաղ օգտագործման պայմանագրով «տիեզերագնացների անվտանգությունը պաշտպանելու» իր պարտավորությունները չկատարելու մեջ։





























