Օգտագործված մեքենաների գներն ավելի արագ են աճում, քան բիթքոինը եւ այլ ակտիվներ: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է Bianco Research-ի նախագահ Ջիմ Բյանկոն։

«Եթե ցանկանում եք իմանալ, թե որն է լավագույն ներդրումը 2021 թվականին, ապա դա այն մեքենան է, որն ունեք ձեր ավտոտնակում»,-ասել է նա: Նրա խոսքով՝ օգտագործված մեքենաների գներն աճում են «ավելի արագ, քան ֆոնդային շուկան, իսկ վերջերս՝ ավելի արագ, քան որոշ կրիպտոարժույթներ»։

Բյանկոն իր վերլուծությունը կառուցում է Մանհեյմի օգտագործված մեքենաների գների ինդեքսի հիման վրա, որը նախատեսված է շուկայում գնագոյացման միտումներին հետեւելու համար:

«Վերջին չորս ամիսների ընթացքում դրանք թանկացել են ավելի քան 20 տոկոսով։ Սա ոչ միայն ավելին է, քան S&P-ն, այլ ավելին, քան բիթքոինը»,-ասել է նա:  

Բիթքոինը վերջին չորս ամսում թանկացել է մոտ 5%-ով։

Բյանկոն շում է երկու շարժիչ ուժ՝ օգտագործված մեքենաների շուկայում: Նախ, նոր մեքենաների գները բարձրանում են կիսահաղորդիչների պակասի պատճառով։

Kelley Blue Book-ը հայտնում է, որ մեքենաների գները հասել են պատմության ամենաբարձր մակարդակին: Նոյեմբերին նոր ավտոմեքենայի միջին գինը կազմել է 46 320 դոլար, իսկ օգտագործված մեքենայի գինը` 27 569 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 27%-ով։

«Այն, ինչ մենք տեսնում ենք օգտագործված մեքենաների շուկայում, դա մարդկանց՝ գնելու ցանկությունն է եւ դրանք շահարկելու ցանկությունը»,-նշել է նա:

Բյանկոն առաջարկում է, որ մեքենաների գների հետ կապված շոկն արտացոլում է ավելի լուրջ խնդիր։ «Սա հենց այն է, ինչ նրանք [Դաշնային պահուստային համակարգը] չեն ցանկանում տեսնել, քանի որ սա գնաճի գաղափար է»,-նշել է նա։