Ոստիկաններն են խոչընդոտում, որպեսզի ավագանու նիստ ընթանա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամը։
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները ավագանու ընդդիմադիր անդամներին ավագանու առաջին նիստի մեկնարկելուց առաջ բերման ենթարկեցին։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ ավագանու նիստի դահլիճի մոտ միջադեպ է տեղի ունեցել, այդ պատճառով են ավագանու անդամները բերման ենթարկվել։
«Հաշվի առնելով որ ավագանու նիստ է տեղի ունենում, երկու տարբերակ կա. կամ պիտի ձերբակալեն կամ բերման ենթարկելու համար պիտի ծանուցեին, ասեին՝ եկեք հետաքննիչին բացատրություն տվեք, իրենք չներկայանային, նոր բերման ենթարկեին։ Ընդդիմադիրներին առեւանգել են, ոչ թե բերման ենթարկել»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։




























