Հնդկաստանի իշխանությունները սկսել են խիստ կանոններ կիրառել՝ ամանորյա տոնակատարություններին ընդառաջ երեկույթներին եւ հասարակական վայրերում զանգվածային հավաքույթները կանխելու համար, քանի որ երկրում COVID-19-ով վարակվածության բռնկում է նկատվում, փոխանցել է AP-ը:
Պաշտոնյաների խոսքով՝ բոլոր խոշոր քաղաքներում եւ ռեստորաններում գիշերային պարետային ժամ է մտցվել, իսկ այցելուների թիվը սահմանափակ է:
Այնուամենայնիվ, նահանգների կառավարությունների համար դժվար է սահմանափակել մարդկանց կուտակումները շուկաներում, կրոնական եւ հանգստի վայրերում, քանի որ դրանց թույլատրվել է բաց մնալ:
Առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 13.154 նոր դեպք եւ 268 մահվան դեպք։ Սա հոկտեմբերից ի վեր վարակման օրական ամենաբարձր ցուցանիշն է։
Հնդկաստանում օմիկրոն շտամով վարակվածների թիվը հասել է 961-ի:
Մումբայ ֆինանսական մայրաքաղաքի ոստիկանությունն արգելել է հինգ եւ ավելի մարդկանց հավաքները մինչեւ հունվարի 7-ը, քանի որ արձանագրվել է վարակակիրների թվի կտրուկ աճ, ինչը մայիսից ի վեր ամենաբարձր օրական ցուցանիշն է, հայտնել են տեղական իշխանությունները:
Հնդկաստանն արագացրել է պատվաստումները այս շաբաթվա սկզբին՝ թույլատրելով արտակարգ իրադրության պայմաններում COVID-19-ի դեմ Merck հաբի եւ եւս երկու պատվաստանյութի օգտագործումը:




























