Ավիացիոն հսկա Emirates-ը հաջորդ տարի բիզնեսի աճ է ակնկալում՝ չնայած աշխարհում «Omicron» շտամով պայմանավորված կորոնավիրուսային դեպքերի աճին, հայտնել է Reuters-ը։

Դուբայում տեղակայված ավիաընկերությունը նոյեմբերին հայտարարել է, որ արդեն իսկ վերականգնման ճանապարհին է, քանի որ վեցամսյա կորուստները նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան կեսով:

«Չնայած «Omicron» շտամի պատճառով դեպքերի աճին եւ մեր ցանցում դրա պատճառած աննշան դանդաղմանը, 2022 թվականի համար լավատեսորեն ենք տրամադրված», - ասել է Emirates-ի գործադիր տնօրեն Շեյխ Ահմեդ բեն Սաիդ Ալ Մակթումը: «Այս տարի մենք զգալի թափ ենք հավաքել եւ ակնկալում ենք, որ 2022 թվականին բիզնեսի աճը կարագանա», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Օպերատորը ապրիլ-սեպտեմբերին հայտնել է 1.6 միլիարդ դոլարի վնասի մասին՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 3.4 միլիարդ դոլարի վնասի համեմատ:

Այս ամսվա սկզբին Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի ամենածանրաբեռնված զբոսաշրջային կենտրոններից մեկը, հայտարարել է, որ 2020 թվականի մարտին բռնկված համավարակից հետո այն առաջին անգամ ամբողջությամբ գործարկվում է:

Emirates-ի տվյալներով՝ Ամանորին ընդառաջ ճամփորդությունները գագաթնակետին են հասել, եւ ակնկալվում է, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Դուբայ կմեկնի եւ կժամանի մոտ մեկ միլիոն ուղեւոր: