Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ի բնակիչները կբախվեն լուրջ խնդիրների՝ կապված կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման հետ։ Այս մասին MSNBC-ին ասել է Մինեսոտայի համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտության կենտրոնի տնօրեն Մայքլ Օստերհոլմը։

«Հաջորդ ամիս վիրուսային փոթորիկ է լինելու։ Մեր ողջ հասարակությունը դժվարությունների կբախվի»,-պարզաբանել է մասնագետը։ Նա կարծում է, որ առաջիկա շաբաթներին կարելի է սպասել վարակումների թվի «դրամատիկ» աճ։

Ավելի վաղ հիվանդացության գագաթնակետը կանխատեսել էր ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին։ Նրա գնահատմամբ՝ առավել սուր իրավիճակ է հունվարի վերջին։ 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ ԱՄՆ բնակչության միայն 61,9 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված: Հայտնաբերվել է վարակման մոտ 55 միլիոն դեպք։