Այս տարի աշխարհի բազմաթիվ երկրների իշխանությունները հրաժարվել են Ամանորի գիշերը նախատեսված զանգվածային միջոցառումներից կորոնավիրուսով վարակվելու, մասնավորապես, արագ տարածվող «օմիկրոն» շտամի պատճառով:
Հունաստան
Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը կտրուկ վատթարացել է Եվրոպայում, ինչը հանգեցրել է, օրինակ, ավանդական հրավառության չեղարկմանն Աթենքի Ակրոպոլսում, Հունաստանի քաղաքապետարաններին նաեւ արգելել են անցկացնել ցանկացած հանրային միջոցառումներ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առթիվ: Մինչեւ հունվարի 3-ը Հունաստանում վերականգնվել է փողոցներում, ինչպես նաեւ փակ տարածություններում դիմակներ կրելու պահանջը, իսկ հանրային տրանսպորտում երթեւեկության համար անհրաժեշտ են պաշտպանության բարձր մակարդակով հատուկ դիմակներ:
Ֆրանսիա
Ամանորի կապակցությամբ հրավառությունը չեղարկվել է նաեւ Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում: Ֆրանսիայի վարչապետ Ժան Քասթեքսը հայտարարել է նաեւ Ամանորի նախաշեմին ցանկացած զանգվածային երեկույթների ու տոնախմբությունների արգելքի մասին, նա խորհուրդ է տվել նաեւ պատվաստված ֆրանսիացիներին կորոնավիրուսի թեստ հանձնել նախքան բարեկամների հետ հանդիպելը:
Իտալիա
Իտալիայի մի շարք քաղաքներում որոշել են հրաժարվել տոնական միջոցառումներից կորոնավիրուսի տարածման կապակցությամբ մտահոգությունների պատճառով: Վենետիկում, որտեղ Ամանորին ավանդաբար տեղի են ունենում բացօթյա համերգներ ու հրավառություն, այս տարի ոչինչ չի պլանավորվել: Կամպանիայի շրջանում մինչեւ հունվարի 1-ն արգելել են հանրային վայրերում ոգելից խմիչքների օգտագործումը:
Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա
Գերմանիայում դեկտեմբերի 28-ից խստացվել են սահմանափակումներն ու արգելվել են ամանորյա զանգվածային միջոցառումները, թույլատրվել է հանդիպել առավելագույնը 10-հոգանոց խմբերով:
Լոնդոնի Տրաֆարգալյան հրապարակում Ամանորի նախօրեին նախատեսված տոնական միջոցառումները նույնպես չեղարկվել են: Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիք Խանը հայտարարել է, որ դա բարդ որոշում է, սակայն Լոնդոնի բնակիչների անվտանգությունն առաջնահերթ է:
Նիդերլանդներ, Բելգիա ու Լեհաստան
Նիդերլանդների բնակիչներն Ամանորը կդիմավորեն մասնակի լոքդաունի պայմաններում: Երկրում փակ են խանութները, որտեղ վաճառվում են ոչ կենսական անհրաժեշտություն ներկայացնող ապրանքներ, բարերը, մարզասրահները, գեղեցկության սրահներն ու սպասարկման եւ ժամանցային ոլորտի այլ օբյեկտները: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեի խոսքով՝ անհնար էր խուսափել սահմանափակումներից: Եվրոպական ԶԼՄ-ները նշում են, որ Նիդերլանդների բազմաթիվ բնակիչներ որոշել են դիմավորել Ամանորը հարեւան Բելգիայում, որտեղ սահմանափակումները շատ ավելի սակավաթիվ են:
Մինչդեռ Լեհաստանում, չնայած գործող սահմանափակումներին, թույլատրել են գիշերային ակումբներին ու բարերին բացվել Ամանորի նախօրեին այցելուներ ընդունելու համար:
ԱՄՆ
ԱՄՆ-ում, որտեղ վերջին օրերին գրանցվում են կորոնավիրուսով վարակվելու հակառեկորդներ, տոնական միջոցառումների մասին որոշումները տարբերվում են նահանգներում: Այս տարի Նյու Յորքի Թայմ-սքուերում որոշել են ամբողջովին չհրաժարվել տոնական միջոցառումներից, սակայն կրճատել են դրանց ծավալը: Հրապարակում կկարողանա հավաքվել միայն 15 հազար մարդ, որոնք կներկայացնեն պատվաստումը հաստատող փաստաթուղթ: Ավելի վաղ՝ նախքան համավարակը, այդտեղ ամանորյա տոնախմբություններին ներկա գտնվելու համար հավաքվում էր շուրջ 60 հազար մարդ: Լոս Անջելեսում տոնական միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսատեսի, սակայն դրանք կհեռարձակվեն առցանց: Չիկագոյում Ամանորի գիշերը տեղի կունենա տոնական հրավառություն հինգ կամուրջներից, սակայն տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին հանձնել կորոնավիրուսի թեստ նախքան ուղեւորվելը հրավառությունը դիտելու: Լաս Վեգասում նույնպես պատրասվում են Ամանորի տոնախմբություններին եւ հրավառությանը:
Ավստրալիա եւ ԱՄԷ
Ավստրալիան, որն առաջին երկրներից է, որտեղ կդիմավորեն Ամանորը, պատրաստվում է իրականացնել միջոցառումներ՝ անվտանգության կանոնները խստորեն պահպանելով: Մասնավորապես, նախատեսվում է հրավառություն Սիդնեյում, բնակիչները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն:
ԱՄէ-ում տոնախմբություններին մասնակցելու համար պարտադիր է դիմակ կրել: Թույլատրվում է լցնել տարածքները միայն 80 տոկոսով, ընդ որում՝ այցելուները պարտադիր պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որն ապացուցում է պատվաստումը կամ առավելագույնը 96 ժամ վաղեմությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը:
Չինաստան
Չինաստանում, որտեղից, ինչպես համարվում է, սկսել է տարածվել COVID-19-ը, նույնպես չեն նախատեսվում մասշտաբային տոնակատարություններ: Մասնավորապես, զանգվածային միջոցառումները չեն պլանավորվել Պեկինում: Քաղաքային իշխանությունները կոչ են անում պեկինցիներին հնարավորինս չհեռանալ մայրաքաղաքից: Չինաստանի շրջանների բնակիչներին կթույլատրվի ժամանել Պեկին միայն վիրուսի բացասական թեստի առկայության դեպքում:





























