Ամերիկացի ուսուցչուհի Մարիսա Ֆոթիեոն ստիպված էր անցկացնել հինգ ժամ՝ ինքնամեկուսանալով ինքնաթիռի զուգարանում, ինչի պատճառն էր նրա մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը: Այդ մասին հաղորդում է BBC պարբերականը:

Կինն ուղեւորվում էր ԱՄՆ Չիկագո քաղաքից դեպի Իսլանդիա, սակայն չվերթի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատթարացել էր, ի հայտ էին եկել հիվանդության ախտանիշներ, այդ թվում՝ կոկորդի ցավ:

Ֆոթիեոն իր հետ ուներ COVID-19-ի էքսպրես թեստ, որից ուղեւորուհին օգտվել էր օդանավի սանհանգույցում: Թեստը հաստատել էր, որ ամերիկուհին, որն ուղեւորվում էր Ռեյկյավիկ, վարակված էր կորոնավիրուսով:

Ինքնաթիռում գտնվող այլ մարդկանց չվարակելու համար ամերիկուհին փակվել էր զուգարանում ամբողջ թռիչքի ընթացքում:

«Դա խենթանալու փորձ էր: Ինքնաթիռում կար 150 ուղեւոր, ես ամենաշատն անհանգստանում էի նրանց համար»,-ասել է ուսուսչուհին Միչիգանից:

Բորտ-ուղեկցորդուհին օգնել է ինձ՝ բերելով ջուր եւ ուտելիք թռիչքի ընթացքում: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին:

Ժամանելով Իսլանդիա՝ կինը մեկուսացվել է հյուրանոցում՝ Կարմիր Խաչի ղեկավարման ներքո: