Թուրքիայում բնական գազի սակագները բարձրացել են, շաբաթ օրը տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նշվում է, որ Թուրքական պետական խողովակաշարային ընկերությունը (BOTAŞ) իր կայքում տեղադրել է հունվարի սակագների աղյուսակը։

Մասնավորապես, 25 տոկոսով ավելանում է սակագինը բնակչության համար, 50 տոկոսով՝ արդյունաբերական հատվածի, 15 տոկոսով՝ էլեկտրաէներգիա արտադրողների համար։

Գինը, որը BOTAŞ-ը հունվարին կիրառելու է գազաբաշխիչ ընկերությունների հանդեպ կենցաղային սպառողների համար, կազմում է 1860 լիրա (140 ԱՄՆ դոլար) հազար խորանարդ մետր բնական գազի համար, ինչը 25 տոկոսով ավելին է ներկայիս սակագնից։

Արդյունաբերական բաժանորդների սակագներում, որոնց տարեկան սպառումը հունվարին ավելի քան 300 հազար խորանարդ մետր էր, գազի հազար խորանարդ մետրի գինն ավելացել է 50 տոկոսով՝ 6 հազար 300 լիրա (472 ԱՄՆ դոլար), իսկ էլեկտրաէներգիայի արտադրության սակագինը ավելացել է 15 տոկոսով՝ 5 հազար 520 լիրա (ԱՄՆ 424 դոլար)։

Նշենք, որ թուրքական տնտեսությունը լավ վիճակում չէ, իսկ գազի թանկացումը տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկման ֆոնին։