Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր տարվա առաջին քարոզի ժամանակ կրկին անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության թեմային։

«Մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պահպանում են խաղաղությունը, եկեք բոլորս միասին աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի հոգանք մայրերի մասին եւ պաշտպանենք կանանց։ Որքա՛ն շատ բռնություն կա կանանց հանդեպ։ Կնոջը ցավ պատճառելը նշանակում է վիրավորել Աստծուն»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը։

Ֆրանցիսկոսը բազմիցս է հանդես եկել կանանց հանդեպ ընտանեկան բռնության կոշտ քննադատությամբ՝ այն անվանելով սատանայական խնդիր։

Շաբաթ առավոտյան հովվապետը գլխավորել է սպասավորությունը Սուրբ Պետրոսի տաճարում Աստվածամոր մեծարման եւ Խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օրվա առիթով, որը նշվում է 55-րդ անգամ։