ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը «պետք է թուլացնի ճնշումն Ուկրաինայի վրա, եթե ցանկանում է առաջընթաց ունենալ», եւ կրկնել է նախազգուշացումը «ներխուժման զանգվածային հետեւանքների մասին», հաղորդում է AFP-ն։
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն բանակցություններ կանցկացնեն հաջորդ շաբաթ Ժնեւում։
«Եթե բանակցություններն իրական առաջընթաց ցույց տան, դա դեէսկալացում կպահանջի»,- ասել է Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Խոսելով Ռուսաստանի հույսերի մասին առաջընթացի այնպիսի ոլորտներում, ինչպիսին է սպառազինությունների վերահսկումը, Բլինքենն ասել է. «Շատ դժվար է իրական առաջընթաց գրանցել այս ոլորտներից որեւէ մեկում էսկալացման մթնոլորտում եւ Ուկրաինայի գլխին ուղղված զենքի սպառնալիքների պայմաններում»:
«Ռուսաստանը չպետք է կասկածի, որ հետագա ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ լայնածավալ հետեւանքների եւ լուրջ ծախսերի կհանգեցնի»,- ասել է Բլինքենը:
Իր հերթին Բերբոքը համաձայնել է «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման դեպքում լուրջ հետեւանքների» անհրաժեշտության հետ։
Միացյալ Նահանգները եւ Գերմանիան երկար տարիներ քննարկում են «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը պետք է բացվի եւ ուղիղ կերպով ռուսական գազ մատակարարի Գերմանիա:
«Մեր տեսանկյունից շատ դժվար է պատկերացնել, որ այս գազատարով գազ կանցնի, որ այն կսկսի աշխատել, եթե Ռուսաստանը վերսկսի իր ագրեսիան»,- ասել է Բլինքենը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել էր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ՝ պատճառաբանելով, որ դրա շինարարությունը գրեթե ավարտված է։
Սակայն անցյալ տարի վարչակազմը համաձայնություն ձեռք բերեց, որով Գերմանիան օգնություն խոստացավ Ուկրաինային եւ նախազգուշացրեց Ռուսաստանին «չօգտագործել գազատարն աշխարհաքաղաքական նպատակներով»:





























