ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան՝ երկրում իրավիճակը կայունացման նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցությունների մեկնարկի մասին։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Նա հանդես է եկել նոր կոչով, որում հայտարարել է երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ գործընկերներից ռազմական օգնություն ստանալու անհրաժեշտության մասին:
«Այդ ահաբեկչական խմբավորումները միջազգային են, լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում, եւ նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարող է եւ պետք է որպես ագրեսիայի ակտ դիտարկվի: Այս կապակցությամբ, հիմնվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա, այսօր ես դիմեցի ՀԱՊԿ ղեկավարներին՝ ահաբեկչական այս սպառնալիքի հաղթահարման գործում Ղազախստանին աջակցելու համար։ Իրականում սա ոչ թե սպառնալիք է, այլ տարածքային ամբողջականության խարխլում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել։

Պաշտպանության նախարարության օդադեսանտային ստորաբաժանումը մարտեր է մղում Ղազախստանում անկարգություններ կազմակերպած զինյալների դեմ։

Ղազախստանի մի շարք շրջաններում անկարգությունների ժամանակ զոհվել է 8 ոստիկան եւ զինվորական, եւս 317-ը վիրավորվել են։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ, ինչն էներգետիկայի նախարարությունը բացատրել էր նրանով, որ հունվարի 1-ից գները սկսել են ձեւավորվել էլեկտրոնային բորսային աճուրդների ժամանակ` պահանջարկի եւ առաջարկի հիման վրա։

Տոկաեւը հանձնարարել է հանձնաժողով ստեղծել՝ իրավիճակը ուսումնասիրելու համար, իսկ հունվարի 4-ին իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ բողոքի ակցիաներ սկսվեցին նաեւ այլ քաղաքներում։

Հանրապետությունում սահմանափակվել է ինտերնետի եւ մեսենջերների աշխատանքը։ Նախագահը արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում, Ալմաթիի եւ Մանգիստաու շրջաններում։ Այնտեղ պարետային ժամ է սահմանվել, արգելվել են զանգվածային միջոցառումները, տեղաշարժը սահմանափակվել է:
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը լուծարեց կառավարությունը եւ հանձնարարեց վեց ամսով հեղուկ գազի եւ բենզինի գների պետական ​​կարգավորում սահմանել: