Ալմաթիի օդանավակայանում հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ Ղազախստանի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել, հայտնում է Zakon.kz պորտալը։

Ավելի վաղ քաղաքի ակիմի պատգամավոր Երժան Բաբակումարովը հայտնել էր, որ օդանավակայանը գրավումից հետո ազատագրվել է եւ անցնում է բնականոն աշխատանքի:

Քաղաքային օդանավակայանի մամուլի ծառայությունում հաստատել են, որ շենքն ազատվել է գրավումից հետո, հատուկ օպերացիա է իրականացվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ականատեսները նշում են, որ գրավումից հետո շենքը ավերվել է, ջարդվել են բանկոմատները, սրճարանների, խանութների ցուցափեղկերը, ավիատոմսերի վաճառքի կետերը։ Օդանավակայանի կայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում:

Չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր «ահաբեկչական խմբավորումների» կողմից Ալմաթիի օդանավակայանի, հինգ ինքնաթիռի, այդ թվում՝ արտասահմանյան ինքնաթիռների գրավման մասին։

Նախագահի խոսքով՝ քաղաքում միջազգային պատրաստություն անցած ահաբեկչական խմբավորումներ են գործում:

Ղազախստանում հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել էին հունվարի 2-ին Ժանաոզենում (քաղաք Ղազախստանի հարավ-արեւմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում)։ Դրանք այնուհետեւ տնտեսական եւ քաղաքական պահանջներով զանգվածային բողոքի ցույցերի վերաճեցին ամբողջ երկրում: Հունվարի 4-ին եւ 5-ին Ալմաթիում ցուցարարները բախվեցին անվտանգության ուժերի հետ։ Երկու կողմից էլ տուժածներ կան։
Երկրում արտակարգ դրություն է մտցվել:

Ղազախստանում անկարգությունների ժամանակ վիրավորվել են Ազգային գվարդիայի 317 ոստիկան եւ զինվորական, զոհվել է 8 մարդ։