Կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը կարեւոր է առավել վտանգավոր շտամների առաջացումը կանխելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը Die Welt հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարող են օմիկրոնի նման վարակիչ, բայց ավելի վտանգավոր տարբերակներ հայտնվել։ Ոչ ոք չի կարող դա բացառել,- ասել է նա։- Ուստի իմունիզացումը հատկապես կարեւոր է»,- հավելել է նախարարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 շտամը սահմանել է հունարեն օմիկրոն տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տեսակը մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամը մինչ այժմ հայտնաբերվել է ավելի քան 100 երկրում։